Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
2025-02-01 23:07:00
Քաղաքագետ Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ամեն ինչ գալիս, իր տեղն է ընկնում։ 
ՀՀ ԱԱԾ-ն գործ հարուցեց ոչ թե Երևանի «Հանրապետության» հրապարակում «Ղարաբաղ-Ղարաբաղ» երգած թյուրքերի, այլ այդ խայտառակությունը հանրայնացրած հայի դեմ։
Սա նշանակում է, որ Փաշինյանի «իրական Հայաստանում» դրածո իշխանություններն իրենց ուժայիններով պաշտպանելու են թուրքերին և ճնշելու են հայերին։ Աստիճանաբար հայոց դեմ տարվող հոգեբանական պատերազմի այսպիսի հատուկ գործողություններն ավելանալու են։
Հայերին սկսում են վարժեցնել թուրքական իշխանության տակ ապրելուն, պարզ ասած՝ թուրքահպատակության։ Հայաստանում արգելված է լինելու Հայոց ցեղասպանության հիշատակումը պատմականորեն ճշգրիտ այն բովանդակությամբ, որը հայտնի է յուրաքանչյուր հայի։ Արևմտյան Հայաստան և Արցախ բառերի գործածումն անգամ արգելվելու է, ուր մնաց թե Արցախի ազատագրության մասին ձայն-ծպտուն հանելը։
Պատահական չէ, որ Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը։
Որքան էլ զարմանալի է, կատարվածը որոշ առումով լավ նշան է, դրական երևույթ։ Որովհետև ՀՀ-Ի ՔՈՂԱՐԿՎԱԾ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ, որն արդեն անզեն աչքով է տեսանելի։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում ինչ-որ պահի սկիզբ է առնելու ոչ թե անպիտան ու կեղծ «քաղաքական պայքար», այլ ազգային-ազատագրական իրական շարժում։ Այդ շարժումը սրբել-տանելու է դրածո հին ու նոր վայ-վերնախավերին ու հիմնելու է Հայաստանի իրական ապագան։
Այս նյութը դիտել են - 193 անգամ