Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց2025-02-09 21:24:00
«Կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար»։
Նելսոն Մանդելա
![](files/3f9051/15605/1355bf9439810466.jpeg)
Հայ ազգային ինքնության պահմանումը, սերունդներին հայեցի կրթելու, դաստիարակելու, պատմական ակունքներին հաղորդակից լինելու ձգտումը մշտապես եղել և մնում է մեր ժողովրդի ազգային հոգեկերտվածքի կարևորագույն մասը: Հենց այս միտումով էլ ստեղծվել և այսօր էլ իր բեղմնավոր առաքելությունն է իրականացնում հայրենիքից հեռու` ԱՄՆ-ում գտնվող «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը։ Այն լինելով թեմապատկան միօրյա հաստատությունների մայր կրթօջախը՝ գործում է Արևմտյան թեմի ժրաջան առաջնորդ, գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հովանավորությամբ և օրհնությամբ: Հաստատության նպատակն է մատաղ սերնդի մեջ արմատավորել սերը դեպի ոսկեղենիկ մայրենին, ծանոթացնել մեր հայրենիքի հարուստ պատմությանը և օտար երկրում նպաստել հայորդիների հոգեմտավոր դաստիարակությանը: Հարկ է խոստովանել, որ սաները դպրոց են հաճախում մեծ սիրով և հայերեն սովորելու բարձր գիտակցությամբ։
2025 թ․-ի փետրվարի 8-ին, դպրոցական օրը մեկնարկեց Ս․ Ղևոնդյանց մայր տաճարի հովիվ, արժանապատիվ տեր Խաժակ քահանա Շահբազյանի ողջույնով, որի ընթացքում տեր հայրը պատմեց Տյառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոների մասին՝ հրավիրելով բոլորին մասնակիցը դառնալու փետրվարի 13-14-ին կայանալիք միջոցառումներին: Այնուհետև խոսքը փոխանցեց օրվա պատվավոր հյուրին՝ թեմակալ առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, որն իր հոգևոր պատգամի ընթացքում խոստովանեց, որ շատ ուրախ է աշակերտներին հանդիպելու, զրուցելու և, ինչու չէ, նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելու համար: Սրբազանը հայրը հորդորեց լավ սովորել մայրենին և այն ամենն ինչ մենք ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից։
![](files/3f9051/15605/00b90de0fc15bd29.jpeg)
Միասնական աղոթքից հետո, Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ և «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի ուղեկցությամբ այցելեցին դասարաններ, որտեղ Սրբազան հայրն ավելի ջերմ ու մտերմիկ զրույց ունեցավ աշակերտների հետ` պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին: Մեծ էր սաների ոգևորվածությունը: Նրանք իրենց ուշիմ ու խելացի հարցադրումներով շրջապատել էին ամենասիրելի Հովնան Սրբազանին` նրան անվանելով «բարի պապիկ»:
![](files/3f9051/15605/ae1a5243bb30.jpeg)
Զրույցի ընթացքում Առաջնորդը սաներին պատմեց իր կյանքից որոշ դրվագներ, թե ինչպես անսալով Արարչի կանչին՝ 5 տարեկանից ծառայել է եկեղեցում և հավատարիմ մնացել իր կոչմանն ու Ս․ Էջմիածնի տեսիլքին։ Նա բարձր գնահատեց նաև տաղանդաշատ, արհեստավարժ մանկավարժներին, որոնց հերոսական ծառայության ու ջանքների շնորհիվ, ամեն տարի հաստատության մեջ արձանագրվում են նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Սրբազան հոր օրհնությանն արժանացան նաև վարժարանում կամավոր ծառայող երիտասարդները, որոնք հանրակրթական դպրոցներից ամեն շաբաթ օր գալիս են եկեղեցի և իրենց անշահախնդիր օգտակարությունն են բերում կրթարանին ու աշակերտներին։
Հագեցած օրվա ավարտին Հովնան սրբազանը հրաժեշտ տվեց կրթօջախին` նորից այցելելու խոստումով՝ իր հետ տանելով բազմաթիվ մնայուն հիշողություններ ու վառ տպավորություններ։
Անահիտ Ամիրյան
3-րդ դասարանի ուսուցչուհի
Դպրոցի մալո դիվանի ղեկավար
Այս նյութը դիտել են - 177 անգամ