«ԴՈՒՔ ԱՅՆՔԱՆ ԵՔ ՄԵԾԱՐԵԼ ԻՄ ՀԱՅՐԻԿԻՆ, ԵՍ ԱՐԴԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆԱ ԿԱ ՈՒ ՄԻ ՕՐ ԿԳԱ»...2016-02-24 11:04:00
6-րդ դասարանում եմ, իմ սանիկի ծննդյան օրն է, շնորհավորում ենք, լավագույն բարեմաղթանքի խոսքեր են հնչում...
Րոպեներ անց աշակերտուհիներից մեկը, մի քիչ վախվորած, ձեռքիս դրեց մի ճմռթված թուղթ: Նայում եմ զարմացած, իսկ նա բացում է թուղթը, փորձում բացատրել ինչ-որ բան, որ ինձ էլ անհասկանալի էր: Մի ճմռթված թուղթ, մի ծննդյան օր, մի համեստ աղջիկ ու դրանց կողքին իմ նույն սանիկը, որ նայում է ինձ ամաչկոտ, անգամ չի ուզում ասել, որ իր ծննդյան օրը ինքն է գրել, գուցե փոշմանել, գուցե ամաչել, փորձել ճմռթել, որ ես չտեսնեմ: Բայց փրկվել է թուղթը, և այսպես կողքիս այս համեստ աղջիկը ինձ ցույց է տալիս.«Գևորգն ամաչեց Ձեզ ասել, բայց գրեց նա, հետո ճմռթեց, իսկ ես վերցրի, որ ցույց տամ, թե ինչպես, նա սիրում է Ձեզ»:
Բացում եմ թուղթը, նայում գրածին ու սոսկում եմ ես. «ԴՈՒՔ ԱՅՆՔԱՆ ԵՔ ՄԵԾԱՐԵԼ ԻՄ ՀԱՅՐԻԿԻՆ, ԵՍ ԱՐԴԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆԱ ԿԱ ՈՒ ՄԻ ՕՐ ԿԳԱ»:
Այդ պահին թուղթը մոռանում եմ, որ ճմռված է, նայում եմ իր հայրիկին սպասող իմ սանիկին...Նա լուռ է, գլխահակ, իսկ ես խեղդվում եմ իմ հոգու ցավից, ուզում եմ գոռալ, ուզում եմ կանչել, որ հայրիկը գա, որ այս բալիկը անհայր չմնա: Նա լուռ նստում է, բայց ինչ-որ մեկը կողքիս ասում է. «Էլի կա գրված, այն էլ կարդացե՛ք»:
Նորից տողերին անձայն նայում եմ. «Ձեզ միշտ կհիշեմ, մեծատառով մարդ, իմ ուսուցչուհի՛»:
Մտքերի մեջ եմ, անձայն նստած, ես նրա հետ եմ իմ մտորումներում, բայց չգիտեմ էլ, թե ինչպես ասեմ, որ հայրիկը քո հավերժացել է, որ մենք Արցախում երջանիկ լինենք:
Նատաշա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 2024 անգամ