Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
2025-02-24 20:16:00
Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ ՔՊ-ական Արեն Մկրտչյանը կարող է կարիերային լուրջ թռիչք ունենալ. նրան, հնարավոր է, առաջիկայում նշանակեն Ներքին գործերի փոխնախարար:
Օրերս նույն մամուլում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ մարտին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Կառավարությունը թարմացնել՝ այդ նպատակով կատարելով նոր նշանակումներ: Նույնիսկ կան տեղեկություններ, որ բազմաթիվ նախարարներ ու փոխնախարարներ առաջիկայում ստիպված են լինելու հրաժարական ներկայացնել՝ իրենց տեղը զիջելով այնպիսի մարդկանց, որոնք կլինեն առավելապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Արեն Մկրտչյանն ակնհայտորեն համապատասխանում է այն բնութագրիչներին, որոնցով փորձելու է Փաշինյանն առաջնորդվել իր ապագա նշանակումներում: 
Մասնագիտությամբ երկրաբան Արենը եղել է լրատվական կայքերից մեկի ադմիններից մեկը, երգիծական հաղորդման սցենարիստ է հասցրել լինել անգամ, ինչպես նաև Գյումրիում մարդկանց տներ է բաժանել: Բայց Արենին հատկապես մեծ հռչակ բերեց 2018-ի հեղափոխությունը, որից կարճ ժամանակ անց նա ինքնաբացահայտվեց որպես «տաղանդավոր» մոնտաժող. գեներալ Մանվել Գրիգորյանի գլխին սարքած «տուշոնկա-շոուն» հենց այս ՔՊ-ականն էր ԱԱԾ-ի իմացությամբ մոնտաժել:
Ըստ երևույթին, ՔՊ-ական վերնախավը մինչ օրս շարունակում է հմայված լինել Մկրտչյանի մոնտաժային «տաղանդով», ինչն էլ դարձել է պատճառ, որ նրան ոչ թե պատժեն, ինչպես պահանջում է օրենքը, այլ պարգևատրեն փոխնախարարի պորտֆելով:
Փաստ է, որ ՀՀ ՆԳ համակարգը երբեք էլ աչքի չի ընկել իր համակարգվածությամբ կամ օրենքի տառին նվիրվածությամբ՝ հաճախ հանդիսանալով օրենք խախտող ամենաառաջնային մարմինը,բայց եթե իսկապես Արենին նշանակեն Արփինե Սարգսյանի տեղակալ, ապա համակարգի վրա կարելի կլինի վերջնականապես խաչ քաշել: Մկրտչյանին համակարգ են ուղղորդելու որպես Նիկոլ Փաշինյանի անձնական «կռիս»՝ սրա-նրա վրա գործ տալու ու գուցե անձամբ Արփինե Սարգսյանին առավելագույնս վերահսկելու:
Այս նյութը դիտել են - 306 անգամ