ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
2025-02-24 20:54:00
Մեծ աղմուկ է բարձրացել՝ կապված ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբոր սոցցանցային մի գրառման հետ, որտեղ պատգամավորի եղբայր Հայկ Պալյանը վիրավորել է արցախցիների արժանապատվությունը՝ գրելով. «Ղարաբաղցի՞ ես, թե հայ»: Մասնավորապես՝ փաստաբաններից մեկն է այս հանգամանքի վրա հրավիրել իրավապահների ուշադրությունը՝ սպասելով թերևս ադեկվատ արձագանքի:
Կլինի, թե չի լինի այդ արձագանքը, նույնիսկ էական էլ չէ, քանի որ կարևորը այն փաստն է, որ իշխանական պատգամավորի եղբայրը, փաստորեն, արցախցիներին հայ չի համարում: Կասկած չկա, որ նրա այդ տեսակետը կիսում է նաև քույրը, որ այս ընթացքում հասցրել է ի ցույց դնել Նիկոլ Փաշինյանի հանդեպ ունեցած իր նվիրվածությունը՝ թիրախավորելով նույնիսկ հայ եկեղեցուն՝ ի պաշտպանություն Փաշինյանի:
 
Հայկ Պալյանի գրառումը, անխոս, խայտառակում է ոչ միայն անձամբ իրեն կամ քրոջը, այլև նախևառաջ իշխանություններին՝ ի հայտ բերելով այն, թե ինչ են իրականում ՔՊ-ի ներսում մտածում արցախցիների ու Արցախի մասին: Բայց անակնկալի պետք չէ գալ, քանի որ եթե այլ կերպ վերաբերվեին արցախցիներին, Նիկոլ Փաշինյանի աչքի առաջ Ալիևը էթնիկ զտման չէր ենթարկի արցախցիներին, իսկ Փաշինյանն էլ այդ ժամանակ Ադրբեջանին ՄԱԿ-ում չէր արդարացնի՝ հակադրվելով Արարատ Միզրոյանին:
Սա ողջ հայ ժողովրդի ամոթն է, քանի որ 2018-ին տեղի ունեցածի հեղինակը նաև հայությունն է, որը, սակայն, դժվար թե իր մտքի ծայրով անգամ անցկացներ, որ ՔՊ-ն կարող է և այսպիսին լինել, Է՛լ չասած 2021-ի մասին, երբ հակառակ բոլոր բնական ու բարոյական օրենքների, Արցախը հանձնած ՔՊ-ն կարողացավ վերարտադրվել:
Այս նյութը դիտել են - 166 անգամ