«Ձեր ասածի մեջ ճշմարտություն կա, ՀՀ-ն իր բյուջեով չի կարող լուծել...» -հավելեց նախարարը... 2016-02-24 12:19:00
Փետրվարի 24-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանն ասաց. «Գաղտնիք չէ, որ մեր երկիրը գտնվում է ծանր սոցիալական վիճակում, սակայն նաև պետք է փաստել, որ այդ վիճակը դառնում է անհաղթահարելի, օրեցօր ի հայտ են գալիս նոր խնդիրներ, որոնց գլխավոր պատճառը անհավասար մրցակցություն է, մենաշնորհը: Մեզ մոտ այսօր ձևավորվել են խոցելի խմբեր և նրաց վիճակը գնալով ավելի վատանում է: Խոսքս առավելապես վերաբերում է ազատամարտիկներին, ինչպես վիրավոր, այնպես էլ զոհված ազատամարտիկներին և նրանց ընտանիքի անդամներին: Նրանք ունեն առողջապահական, սոցիալական, իրավական խնդիրներ»:
Վեր բարձրացնելով այս հարցը` պարոն Խաչատրյանը ցանկացավ տեղեկանալ, թե այս ուղղությամբ ինչպիսի՞ ծրագրեր է իրականացնում Կառավարությունը:
Հարցին պատասխանեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով նշեց, որ ՀՀ-ի զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց խնդիրները լուծվում են զինծառայողների սոցիալական ապահովության նախատեսված օրենքի շրջանակներում. «Այդ առումով այսօր ՀՀ Կառավարությունը և ՊՆ-ն համապատասխան առաջարկություններով ծրագրեր է իրականացնում նրանց խնդիրները լուծելու համար: Մեր հնարավորության սահմաններում փորձում ենք այդ խնդիրները լուծել»:
Արձագանքման կարգով ՕԵԿ-ական պատգամավորը նշեց. «Մեր վերջին հանդիպումները ազատամարտիկների ընտանիքի անդամների հետ փաստում են մի պարզ ճշմարտություն»: Պատգամվորը փոխանցեց վերջիններիս խոսքերը. «Մնացել ենք մենք տկլոր: Պետական այդ հոգածությունները, այդ ծրագրերը չեն կարողանում մեր սոցիալական վիճակը հաղթահարել»:
Ըստ Իշխան Խաչատրյանի. «Նրանք ունեն վարկեր և խնդրում էին, որ փոխանցեի արտոնյալ վարկեր տրամադրվեր իրենց, ինչպես գյուղատնտեսականի դեպքում է: Կային նաև ազատամարտիկներ, ովքեր անօթևան էին մնացել, բնակարանը գրավի առարկա էր դարձել, նույնիսկ ասում էին, որ ունենք ազատամարտիկներ, ովքեր հեռացել են Հայաստանից: Ճիշտ է բյուջեի հնարավորությունները սուղ են, բայց կցանկանայի, որ բոլոր հնարավոր միջոցները օգտագործվեին, գոնե սոցիալական որրոշակի խնդիները լուծելու համար»:
«Ձեր ասածի մեջ ճշմարտություն կա, ՀՀ-ն իր բյուջեով չի կարող լուծել ամբողջությամբ այն խնդիները որոնք կան ազատամարտիկների մոտ»,-հավելեց նախարարը: