«Հայաստանի հանդեպ վստահության մակարդակը մոտ է զրոյականին. մեզ փաստաթղթեր են պետք»
2025-03-14 10:32:00
«Հայաստանի հանդեպ վստահության մակարդակը մոտ է զրոյականին. մեզ փաստաթղթեր են պետք»։
Այս խոսքերը երեկ հնչեցրել է թշնամի բռնապետը։ Նա ուրիշ է՞լ ինչ պիտի ասեր, որ հասկանայինք։ Նրանց «խաղաղության պայմանագիր» չի հետաքրքրում, այլ փաստաթղթեր, որոնցով իր պահանջները կատարվել են։
Այն, ինչ թշնամու պահանջով կատարվում է «խաղաղության պայմանագրի» շուրջ, վաղը, մյուս օրը ժողովուրդն է պատասխանատու լինելու, թե ինչու անտարբեր գտնվեց երկիրը կործանողների հանդեպ։
Թշնամին, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելով, վերջին տարիներին զավթել է 200 քառ. կմ հայկական տարածք։ Երբ էլ ցանկանա, նորից պատերազմ է սկսելու... Ինչու՞ գրաված տարածքները ետ վերադարձնելու պահանջ չկա «խաղաղություն» կոչված համաձայնագրում։
Եթե ՀՀ կառավարության ղեկավարն իրավունք չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցերը ետ վերցնելու, ապա ինչու՞ է նա այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություններն իր վրա վերցնում։ Կամ ինչու՞ է ցանկանում լուծարել Մինսկի խումբը, երբ Արցախի հարց կա, արցախցիներս էլ` անտիրության մատնված։
Այդ ի՞նչ խաղաղության համաձայնագիր է, որտեղ բաց է թողնված գերիների վերադարձի հարցը։ Այդպիսի պատահականություն չի լինում, երբ նախօրոք որոշված էր մոռացության տալ այդ մասին, այնպես, ինչպես Արցախի հարցն է, որի անունն անգամ չեն ուզում լսել։ Սահմանադրության փոփոխությունն էլ հավերժ փակում է Արցախ վերադարձը։
Խաղաղության աղետաբեր պայմանագիր, որ այս իշխանությունները ժողովրդի լռության քողի տակ շտապում են կյանքի կոչել, քանի դեռ հանրությունը քնած է։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 94 անգամ