Մուկը ոչ մի կապ չունի, նա էլի իր համար բիբար է մշակում...
2016-02-24 13:53:00

 Թոխմախի Մհերի հետ կապված վերջին միջադեպի առիթով ուզում եմ հիշեցնել, որ իզուր եք Մկան հետք փնտրում: Մոռացե՞լ եք, ժամանակին էլ Արտաշատում ցույցեր էին լինում, ու Մկան հետ հե՛չ կապ չունեցող մարդիկ ցույցերը հարամում էին, աջ ու ձախ կրակում էին: Էն ժամանակ էլ Մուկը բա՛ն չէր անում՝ ինքը իր Մխչյանում բիբար-բադրիջան էր մշակում:

Տիգրան Սարգսյանի դեմ ցույցերի հետ էլ Մուկը հե՛չ կապ չուներ. ինքն էլի գլուխը կախ իր բիբար-բադրիջանն էր մշակում իր ֆազենդաներում:

Հոսանքի դեմ կամ էդ կարգի ակցիաների ժամանակ էլ Մուկը հե՛չ կապ չուներ, ինքը սուսուփուս էլի բիբար-բադրիջան էր մշակում, բա հո սրան-նրան մի երկու կոպեկ գցելով ինքը չէր ուղարկում ոստիկանների հետ տեսարաններ սարքելու, հրահրելու: Ինքը մեղավոր չէ, որ ոստիկաններին հատկապես չի սիրում՝ դեռ սովետական միլիցիայի դռները ճանաչելու վաղ պատանեկան տարիքից:

Մեծ հաշվով, Մուկը հիմա էլ քաղաքական դաշտն է սարքել իր սեփական բոստանը և վարում-ցանում է: Հիմա էլ քաղաքական դաշտում է բանջարեղեն մշակում: Մկան ծվծվոցը դուք լրիվ իզուր եք լսում ցույցերի ժամանակ ոստիկաններին անկապ հայհոյող, կռիվ սարքող մարդկանց արարքներում: Մուկը, էդ էլ ասեմ, ոչ մեկի փող տված չկա, որ իր մասին հոդված գրեն կամ չգրեն: Ոչ էլ որ իր թշնամիների մասին ժամանակ առ ժամանակ գրեն: Մուկը ընդամենը իր բանջարաբոստանային նախասիրության շրջանակներում՝ մի քանի բիբար-բադրիջան-պոմիդոր-վարունգի սածիլներ է դրել քաղաքական դաշտում, որ լավ պարարտացնում է պետությունից թռցրած սելիտրայով:

Կոնկրետ էս պահին , երբ արդեն նրա ՙդոֆին-մկնիկը՚՝ Հովիկ Արգամիչի որդի Արգամ Հովիկիչը, հասել է, և վիզ պետք է նրան ոչ թե հին մայրաքաղաքի անունը կրող գյուղաքաղաքաղպետի աթոռով բավարարվել, այլ ներկա մայրաքաղաքի քաղաքապետի գահին բազմեցնել, հանկարծ պարզվել է, որ մի ուրիշ ՙդոֆինՙ էլ կա՝ գահի թեկնածու՝ Թոխմախի Մհերիչը, դե, Մհերը, առանց էդ էլ, Մկան աչքի լույսը չէր լինի, որովհետև ինչ-ինչ՝ մկնազգի չի, բայց հիմա արդեն առաջին պլանում գտնվող թշնամի է նկատվել:

Տեսնես, սրանք ընդհանրապես ինչի են որոշել, որ Երևանը /և ամբողջ Հայաստանը / իրենք շահել են ՚ Սիրող սրտեր՚ լոտոյով:

Էս առիթով լավ ինքնադրսևորվեցին որոշ մարդիկ, որ մարդու հետ հաց են կիսում, բայց հենց հնարավոր է լինում՝ թիկունքից ստորաբար դանակ են խրում: Նաև նրանք , ովքեր սկսեցին լրագրողական էթիկայից, գրագիտությունից, մարդկային առաքինություններից ու իրենց հետ կապ չունեցող բաներից խոսել: Ինչ խարդավանքներ ու կրքեր եռացին, ինչ դիմակներ պատռվեցին:

Անկեղծ ասած, անձնապես ինձ ոչ Մկան տղան է հետաքրքրում, ոչ՝ Թոխմախի, ոչ էլ էդ կարգի մեկնումեկի: Ընդամենն ուզում էի իմ դիրքորոշումն արտահայտել՝ կապված Գոհար Վեզիրյանի անունը շոշափելու դրվագի հետ, քանի որ շատ լավ գիտեմ, զգացել եմ մտերիմ համարվողների կողմից նման դեպքերում քստմնելի պահվածքի դառնությունը:
Կույրն էլ կտեսնի, որ Ազգային ժողովում սա առաջին դեպքը չէ, որ միջադեպ է լինում լրագրողների և պատգամավորների միջև՝ Սաշիկի սենասները կան, Շմայսի և այլն: Հենց թեկուզ Վարդան Այվազյանի դեպքը՝ նրա լպիրշ պահվածքի համար /կոնկրետ Գոհարի նկատմամբ/ ԱԺ դարպասների մոտ էդ ինչի՞ ցույց չարվեց, ինչի՞ հանկարծ հիմա բոլորը դարձան առանձակի զգայուն: Չնայած հրապարակված նամակագրությունը նման հարցի տեղ էլ չի թողնում, և ամեն բան պարզ է. Մուկը ոչ մի կապ չունի, նա էլի իր համար բիբար է մշակում:
 
Մարգարիտա Սարգսյանի  ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1777 անգամ