Մարտուն Գրիգորյանի որոշումը
2025-04-03 10:59:00

Որոշում չընդունելը նույնպես որոշում է։ Եթե Մարտուն Գրիգորյանը չի որոշում այն, ինչ ցանկանում են այլոք, դա չի նշանակում, որ նա որոշում չի կայացրել։ Կարող եմ ենթադրել, որ նրա որոշումն է.
- չաջակցել այս պահին Վարդան Ղուկասյանի թեկնածությանը,
- ըստ այդմ շարժվել ՏԻՄ մասին օրենքով։
Իսկ այդ օրենքը սահմանում է, թե որն է համայնքի ղեկավարի ընտրության կարգը։ Ըստ դրա` եթե չկա մանդատների 50 տոկոսից ավելին հավաքած ուժ, ապա յուրաքանչյուր ֆրակցիա կարող է առաջադրել իր թեկնածուին, ընտրողն էլ ավագանու բոլոր անդամներն են։
Ստացվում է, որ Մարտուն Գրիգորյանը կարող է առաջադրել իր թեկնածությունը նույնպես։ Անկախ նրանից, թե ինչ են հայտարարել Ռուբեն Մխիթարյանն ու Կարեն Սիմոնյանը, բացառապես ավագանու անդամներն ունեն համատեղ որոշում ընդունելու իրավունք։
Ինչպես պատգամավորը պարտավոր չէ անպայման քվեարկել, ինչպես իր ֆրակցիայի ղեկավարը, Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի ֆրակցիաների ավագանիներն էլ նույնպես պարտավոր չեն քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։ Խոսքը օրենքի, ոչ թե տղայական պանյատների մասին է։ Օրենքում հստակ նշված է` ավագանու անդամը առաջնորդվում է օրենքով և համայնքի բարօրությանն ուղղված համոզմունքով։
Օրենքում գրված չէ, որ անպայման երկրորդ ամենաշատ ձայն ստացածի, այս դեպքում` Վարդան Ղուկասյանի օգտին պիտի քվեարկեն բոլորը։ Ոչ, եթե չկա միանձնյա հաղթող, բոլորն էլ ունեն հավասար կարգավիճակ։ Հետևաբար ստվերային բանակցությունները գնում են հիմա նրա շուրջ, թե ավագանիների մեծամասնությունն ի վերջո ում օգտին կքվեարկի, եթե լինեն մի քանի թեկնածուներ։
Մարտուն Գրիգորյանը գնացել է այս քայլին, քանի որ գիտի, որ Վարդան Ղուկասյանի անձի հանդեպ իրականում չկա հանրային լայն համակրանք և գուցե հնարավոր է համարել, որ կարող է համոզել մնացածին ավագանու առաջին նիստին քվեարկել իր օգտին։ Եթե ոչ, ապա քննարկել այլ կոմբինիացիաներ, օրինակ ստանալ փոխքաղաքապետի պաշտոնը և այլն:
Տիգրան Խաչատրյան
Այս նյութը դիտել են - 278 անգամ