Խրատ լրագրողներին ՝ Արմեն Աշոտյանից...
2016-02-24 22:54:00
Հարգելի լրագրողներ,

Մտնում եմ ձեր մեդիապատերազմի մեջ բացառապես այն պատճառով, որ երազելով ժողովրդավար Հայաստանի մասին, չեմ կարող անտեսել ազատ և պրոֆեսիոնալ մամուլի կայացման անհրաժեշտությունը։ Բոլորդ գիտեք իմ վերաբերմունքը ձեզ և ձեր աշխատանքին։ Ասել եմ ու էլի կասեմ. առանց ձեզ մենք, քաղաքական գործիչներս, գոյություն չունենք։

Նեղանալ չլինի, ուղիղ կլինեմ։

1. Վիրավորանքը անթույլատրելի է հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Ասում եք, պատգամավորը ձեզ վիրավորել է։ Դնում եմ մի կողմ ապացուցողական բազայի թուլությունը, բայց հիշեք ինքներդ, ինչպես ձեզանից որոշները իրար մեջ զրույցներում անհարգալից, կպնողական և վիրավորական արտահայտություններ եք թույլ տալիս որոշ քաղաքական գործիչների հասցեին։
Չեմ արդարացնում ոչինչ, այդ թվում` նման պահվածքը։

Հետևություն 1.

Ուզում եք հարգված լինել` հարգեք ուրիշներին։

2. Ձեզանից ոմանք անհարգալից են անգամ իրար հանդեպ։ Մամուլում դժվար չէ գտնել բազում օրինակներ, երբ մի ԶԼՄ պիտակավորում և վիրավորում է մեկ այլ լրատվամիջոցի` ընդհուպ անձնական տիրույթ ներխուժելով։

Հետևություն 2.

Հարգեք իրար, որպեսզի հարգված լինեք մյուսների կողմից։

3. Անձամբ եմ քանիցս բախվել խնդրի, երբ նույն Ազգային ժողովի դահլիճում որոշ տեսախցիկներ համառորեն որսում էին հեռախոսիս էկրանի պարունակությունը։ Տհաճ էր և անդուր։

Հետևություն 3.

Մի արեք ուրիշներին այն, ինչ չեք ցանկանում, որ կրկնեն ձեր հանդեպ։

4. Միշտ էլ կգտնվեն գործիչներ, որոնք իրենց հարցերը կփորձեն լուծել ձեր ձեռքերով։ Ինքս եղել եմ նման լրատվական ուղղորդումների թիրախ, գիտեմ, դա ինչ է։ Նման դեպքերում հիշում եմ ԽԱՂԱԼԻՔ ֆիլմի հայտնի դրվագը իր հարցով` թե ով է իրականում ավելի մեծ հրեշը. պատվիրատուն թե կատարողը:

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում այն լրագրողներից, ում խոսքերս չէին վերաբերում, բայց նորից ասեմ` հավատացեք, որ մեր երկրի ապագան ձեզանից կախված է նույնքան, որքան քաղաքական գործիչներից։
Լավ մնացեք, ձեր Արմեն։
 Արմեն  Աշոտյանի  ֆեյսբուքյան էջից
 
Հ.Գ.  Արմեն  Աշոտյան, լավ կլիներ, որ  ժամանակին  դուք  էլ հետևեիք ձեր  այս «խորհրդին», ու  այսօր էլ անգործ չէիք մնա: 

Երևի դուք էլ էիք տարիներ շարունակ մոռացել «ԽԱՂԱԼԻՔ» ֆիլմի հայտնի դրվագը, թե ո՞վ է պատվիրատուն և ո՞վ է կատարողը:
Նորին մեծություն ժամանակը տալիս է ամեն ինչի պատասխանը, և դո՛ւք , այսօր ստացաք այն՝ ինչին արժանի էիք, քանի որ իշխանության սցենարով ձեզ «վերապահված» խաղը՝ «գերազանց » կատարեցիք՝ վիրավորելով Գագիկ Ծառուկյանին:

Ի՞նչ ասեմ, ամեն մարդ տուժվում է իր խելքից:

Ամեն դեպքում՝ լա՛վ մնացեք:

Գայանե Մանուկյան, ԱՄՆ
Այս նյութը դիտել են - 1530 անգամ