Գևորգ Սաֆարյանն ու Վարդգես Գասպարին նույն խցում են. Ամուսնուն այցելած Գասպարիի կինը մանրամասներ է պատմում...
2016-02-25 21:04:00

Վարդգես Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազին, «Առաջին լրատվական»-ին մանրամասներ ներկայացրեց այն մասին, թե ինչպես եկան ու անսպասելիորեն կալանավորեցին  ամուսնուն:

Նրա խոսքով՝ ինքը միշտ ձգտել է հեռու պահել երեխային այդ ծանր տեսարաններին ականատես լինելու փաստից, քանի որ երեխայի վրա ազդում է նմանատիպ իրավիճակը, նա հիմա ավելի ջղային է դարձել:

«Ես նրան առաջին անգամ տեսա այսօր, տեսագրությունից հետո մեծ սթրես ապրեցի, բայց նրան տեսնելով՝ մի քիչ հանգստացա, քանի որ հացադուլը դադարեցրել էր, կամ գուցե ինքն էր իրեն այդպես ցույց տալիս ինձ մոտ, որպեսզի ես շատ չազդվեմ»,- պատմեց Վարդգես Գասպարիի կինը:

Տիկնոջ խոսքով՝ Վարդգես Գասպարին շնորհակալություն է հայտնել իրեն աջակցելու համար՝ հատկապես երիտասարդներին:

Հարցին՝ Գասպարիի վրա խոշտանգումների հետքեր կայի՞ն, Անահիտ Այվազին պատասխանեց, որ նրա դեմքին նման նշաններ չկային, բայց քայլելիս կարծես ուղեկցորդների վրա էր հենվում. «Հարվածելիս հո դեմքին չե՞ն հարվածում, որ երևա, իրենք հարվածելու հատուկ տեղեր ունեն, որ ոչ մի կապտուկ չերևա: Իրենք մասնագետ են»:

Անդրադառնալով Վարդգես Գասպարիի հոգեվիճակին՝ կինն ասաց. «Վարդգեսն ասաց, որ ոչ ոք չի դիմում խոշտանգումների համար, իսկ ինքը դիմել է, որպեսզի մյուսներն էլ դիմեն: Տղամարդիկ չեն ուզում ասել, որ ծեծվել են, բայց դա ամոթ չէ. եթե մենք ամաչում ենք, նրանք շարունակում են խոշտանգումները: Պետք է պայքարել»:

Կնոջ խոսքով՝ այս պահին Վարդգես Գասպարին Գևորգ Սաֆարյանի հետ նույն խցում է:
Այս նյութը դիտել են - 1292 անգամ