Միացյալ Նահանգները հարգում է Մերձավոր Արեւելքի դյուրազգաց բնույթը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին` ելույթ ունենալով Կոնգրեսում անցնող լսումների ընթացքում: Կոնգրեսականների խնդրանքով պետքարտուղարն անդրադարձել էր թուրք-քրդական հակամարտությանը եւ Սիրիաում քրիստոնյաների ոչնչացմանը:
«Մենք բանակցում ենք Թուրքիայի հետ, որպեսզի համոզված լինենք, որ չեն հատվելու նրանց համար կարեւոր կարմիր գծերը, միեւնույն ժամանակ՝ գիտակցելով տարածաշրջանի դյուրազգաց բնույթը», - նշել է Քերրին:
Ջոն Քերրիի խոսքով՝ Թուրքիան ԱՄՆ-ի կարեւոր դաշնակիցն է տարածաշրջանում, սակայն, քրդական բնակչությունն ապահովում է Դաեշի դեմ պայքարում անհրաժեշտ ցամաքային ուժը:
«Այնպես որ, մենք չափազանց զգույշ ենք աշխատում, քանի որ մեզ անհրաժեշտ են տեղանքում ցամաքային ուժեր, որոնք պատրաստ են պայքարել Դաեշի դեմ, եւ ինչպես ցույց տվեց Քոբանիի վառ օրինակը, մենք Դաեշին Քոբանիից դուրս շպրտեցինք քրդերի աջակցությամբ», - նշել է Քերրին:
Լսումների ընթացքում մի շարք կոնգրեսականներ պետքարտուղարից պահանջեցին պետական մակարդակով ընդունել, որ Մերձավոր Արեւելքում հենց մեր օրերում շարունակվում է քրիստոնյաների ցեղասպանությունը:
«Արդեն մի քանի տարի է, ինչ մենք Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների կոտորածի ականատեսներն ենք, եւ անընդունելի է, որ այն դեռ պաշտոնապես չի ճանաչվել, քանի որ մենք խոսում ենք ցեղասպանության ենթարկվող տասնյակ հազարավոր մարդկանց մասին», - նշել է ԱՄՆ-ի ազդեցիկ կոնգրեսական Դեյնա Ռորաբահերը:
Կոնգրեսականների կարծիքով, Իրաքից եւ Սիրիայից փախչող քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի համար, անհրաժեշտ է ընդունման հատուկ կարգ հաստատել եւ նրանց առաջի′ն հերթին ընդունել, քանի որ նրանք են կոտորածի ամենամեծ վտանգի տակ:
Ջոն Քերրին ի պատասխան ընդգծել է, որ հարցը պետք է կարգավորվի իրավական եւ փաստահավաք աշխատանքների ավարտից հետո:
«Ուզում եմ ընդգծել, որ ցանկանում եմ անել դա հնարավորին չափ արագ», - ընդգծել է Քերրին:
Այս նյութը դիտել են - 1261 անգամ