Հայաստանը կմասնատեն ըստ պահանջարկի
2016-02-26 00:27:00


Հայաստանը կմասնատեն ըստ պահանջարկի

Եկած-չեկած՝ դաշնակներն իրենց հետ բերեցին մի նոր գաղափար: Խոսքը Հայաստանի վարչատարածքային վերաբաժանման խնդրի մասին է: ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության մասին համաձայնագրում այդ միտքը նույնպես տեղ է զբաղեցրել: Արդեն իսկ ակնարկվում է երկիրը 24-26 շրջանների բաժանելու հեռանկարի մասին: Թե հատկապես որ ծրագիրը կհամարվի առավել օպտիմալ, դա դեռ հստակ չէ, փոխարենը կան բոլոր նախանշանները կարծելու, որ ամեն պարագայում սա կդառնա իրողություն: Թե դաշնակները և թե հանրապետականներն արդեն խոսում են այն մասին, որ դա շատ կարևոր նշանակություն ունի երկրի հանրային կյանքը կազմակերպելու գործընթացում:


Տարիներ առաջ, երբ հանրապետության 36 շրջանները վերածվեցին մարզերի, գրեթե նույն բառապաշարն ու նույն հիմնավորումներն էին գործածվում: Իսկ հիմա պարզվել է, որ առկա համակարգը ունի խնդրահարույց կողմեր և չի կարող համարվել լավագույնը: Ի դեպ, այդպես պնդողների շարքերում նաև մարդիկ են, ովքեր տարիներ առաջ քվեարկեցին հակառակի օգտին: Սակայն հիմա նման մանրուքների ետևից ընկնելու ժամանակը չէ: Կան ավելի կարևոր գործեր: Եվ այդ կարևոր գործերից մեկը Հայաստանի ապագա մասնատումն է:


Կասկածից վեր է, որ բաժանումը տեղի կունենա ոչ թե ըստ նպատակահարմարության և արդյունավետության, այլ ըստ պահանջարկի: Եվ դա կկատարվի առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆոնի վրա: Գաղտնիք չէ, որ ընտրություններից հետո դժգոհների բանակը մեծանալու է: Դա է հուշում ինչպես խորհրդարանական տեղերի նվազումը, այնպես էլ հավակնորդների ստվար բանակը: Եվ որպեսզի մեծ ծառայություններ մատուցած մարդիկ անհատույց չմնան, ապա շատ հարմար կլինի այդ երևելիներին բաժին հանել մի-մի կտոր Հայաստան: Թող գնան ու իրենց զգան բդեշխի կարգավիճակում:


Ահա այս հեռանկարի ֆոնին միանգամայն հասկանալի են դառնում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետևյալ խոսքերը. «Այն կուսակցությունները, որոնք ստորագրել են այդ համաձայնագիրը, այս հարցում ունեն մոտեցումներ և լուրջ հնարավորություններ, որպեսզի այս հարցի շուրջ կարողանան գալ մեկ միասնական որոշման և մեր օրենսդրության մեջ առաջարկել համապատասխան փոփոխություններ»:

 
shame.am

 

Այս նյութը դիտել են - 1354 անգամ