«Ատոմակայանի աշխատանքների դադարեցումը արդյո՞ք պատճառ կհանդիսանա էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման համար». Իշխան Խաչատրյան
2016-02-26 05:29:00

Փետրվարի 25-ին, ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության  «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» 2016թ.-ի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանն 2 հարց ուղղեց հիմնական զեկուցող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:

Առաջին հարցս վերաբերվում է ատոմակայանին: Ձեր կողմից նշվեց, որ ատոմակայանի աշխատանքները կդադարեցվեն 35 օր գումարած ևս 95 օր: Այս ժամանակահատվածում, հնարավո՞ր է արդյոք, որ էլեկտաէներգիայի թանկացում տեղի ունենա:

Եվ երկրորդ հարցս. Դուք նշեցիք նաև, որ ջրային ոլորտում սպասարկող կազմակերպությունների միջև մրցույթ պետք է հայտարարվի: Կարո՞ղ եք նշել, թե երբ է այդ մրցույթը հայտարարվելու:

Առաջին հարցի հետ կապված Ռոբերտ Նազարյանը պատասխանեց .

Ատոմակայանի այս կանգառը, որն իր նորմատիվային կանգառից դուրս է, նախատեսվում է 2017 թվականի՝ մայիս, հունիս, հուլիս ամիսներին, որը 2016-17 թվականների սակագնային մարժային տարվա մեջ է ընկնում: Թե ինչքան կանգառը կտևի՝ կասենք վերջնական ճշտելուց հետո և միայն դրանից հետո կարող ենք հայտարարել, թե դա որքան լրացուցիչ բեռ կարող է բերել սակագնի վրա: Այսինքն, մենք հստակ դեռ ոչինչ չենք կարող ասել:

Պատասխանելով երկրորդ հարցին Ռ. Նազարյանն ասաց, որ կոնկրետ ամիս նշել չի կարող, բայց մինչև տարեվերջ արդեն կունենան ջրային ոլորտում սպասարկող կազմակերպությունների միջև մրցույթի հաղթողը:

Արձագանքի իրավունքով Իշխան Խաչատրյանը հարցրեց, թե արդյոք թանկանալու է ոռոգման ջրի սակագինը:
«Եթե Կառավարությունը շարունակի իր որդեգրած սուբսիդավորման քաղաքականաությունը, ապա կարծում եմ, որ սակագնի թանկացում չի լինի» -պատասխանեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը:
 
replik.am
Այս նյութը դիտել են - 1373 անգամ