Դեղերի մասին» նոր օրենքի համաձայն, որը վերջերս է ընդունվել առաջին ընթերցմամբ, Հայաստանում վաճառվող դեղերը պիտի հայերեն հրահանգ-ներդիրներ ունենան: Ոմանք կարծում են, որ այդ պահանջը կարող է շատ ավելորդ հոգսեր պատճառել դեղեր ներմուծողներին, եւ դրա իմաստն էլ չկա, որովհետեւ հայերի մեծամասնությունը ցանկության դեպքում կարող է հրահանգները կարդալ ռուսերեն կամ անգլերեն:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, շատերը ռուսերեն գիտեն եւ դա լավ է, սակայն կան մարդիկ, որ ոչ ռուսերեն գիտեն, ոչ անգլերեն, եւ դա նույնպես նորմալ է: Կան մարդիկ, որոնք միայն հայերեն են խոսում եւ այդ մարդկանց եւս պետք է մատչելի լինեն ցանկացած դեղամիջոցի հրահանգները, որ կնշանակեն իրենց: Հրահանգներում շատ օգտակար տեղեկություններ են պարունակվում դեղերի հատկությունների մասին, նաեւ` թե դրանք ինչքան ժամանակում են դուրս գալիս օրգանիզմից, երբ է պետք ընդունել, ինչ ցուցումներ եւ հակացուցումներ կան:
«Այդ կետով մենք փորձում ենք լուծել մարդու իրազեկվածության խնդիրը. մարդը պիտի հնարավորություն ունենա կարդալ հրահանգները: Եթե մարդը միայն հայերեն գիտի, ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ նրա համար մատչելի չլինեն ներդիրի տեղեկությունները: Բացի այդ, չմոռանանք, որ հայերենը մեր պետական լեզուն է», - նշել է փոխնախարարը:
Նման մոտեցում է առկա նաեւ այլ երկրներում: Օրինակ` Ֆրանսիայում վաճառվող ցանկացած դեղի հետ անպայման ներդիր է տրվում, որում ֆրանսերեն տեղեկություններ կան: Նույնիսկ երբ հայ արտադրողներն իրենց դեղերն արտահանում են այլ երկրներ, նրանցից պահանջում են, որ ներդիրում տեղեկություններ լինեն այդ երկրների պետական լեզվով. միայն այդպես կարող են այնտեղ գրանցել իրենց դեղերը: Ինչո՞ւ պիտի Հայաստանում ուրիշ կերպ լինի, հարցնում են այդ նորամուծության կողմնակիցները:
Ինչպես նշել է Սերգեյ Խաչատրյանը, ի սկզբանե հայերեն հրահանգների կազմակերպման մի քանի տարբերակ է դիտարկվել, արդյունքում ընտրել են հետեւյալը. «Կա կայք, որտեղ դրվում են Հայաստանում գրանցված բոլոր դեղերի հայերեն թարգմանված ներդիրները: Եթե նոր դեղ պիտի գրանցվի, մենք ինքներս կթարգմանենք ներդիրը եւ թարգմանությունը կտանք դեղի իրավատիրոջը, եթե իհարկե այդ դեղի հրահանգներում ի սկզբանե չլինեն հայերեն տեղեկություններ: Այդ թարգմանությունը մատչելի կլինի համացանցում, այն պիտի լինի նաեւ դեղի իրավատիրոջ կայքում, որպեսզի մատչելի լինի եւ դեղատների, եւ մարդկանց համար»:
Այսպիսով, եթե մարդը դեղատանը հայերեն ներդիր պահանջի, դեղատան աշխատակիցը կկարողանա նրա համար տպել ցանցից վերցված ներդիրը: Նման մոտեցման դեպքում, փոխնախարարի կարծիքով, բոլորը կշահեն. սպառողն անհրաժեշտության դեպքում կկարողանա հայերեն տեղեկություններ ստանալ, ներմուծողներն էլ տեղեկության թարգմանության պատճառով ավելորդ հոգսեր չեն ունենա:
Այս նյութը դիտել են - 1255 անգամ