NewsBook-ի հետ զրույցում Արտակ Գևորգյանը նշեց, որ այդ մասին Ոստիկանությունից ծանուցում է ստացել, որտեղ, մասնավորապես, նշված է. «Արտակ Գևորգյանը հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, այն է՝ անպատժելիության մթնոլորտ ստեղծելով, դրանով իսկ սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելով 2015թ․ դեկտեմբերի 10-ին` ժամը 01։30-ի սահմաններում, իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով դիտավորությամբ հարվածել է Նալբանդյան 104 հասցեում գտնվող ԱԱԾ վարչական շենքի երկաթե դարպասներին և կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով։ Այսինքն՝ Ա․Գևորգյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն»:Այս նյութը դիտել են - 1305 անգամ
Մեզ հետ զրույցում Արտակ Գևորգյանն ասաց, որ իրեն նաև Ոստիկանություն են կանչել. «Ես այնտեղ էլ ասել եմ, որ ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ես ոչ մի հանցագործություն չեմ կատարել, ոչ էլ զանցագործություն»:
Արտակ Գևորգյանը մեղադրանքը քաղաքական պատվեր է համարում:
«Փորձում են նաև պատժել, որ իբրև թե դաս լինի մյուսների համար»,- նկատեց մեր զրուցակիցը:
Բացի դրանից, Արտակ Գևորգյանը Ոստիկանության մեղադրանքն անհիմն է համարում:
«Եթե ստվարաթղթե տանկով ԱԱԾ բնականոն աշխատանքը խանգարում եմ, թղթից տանկով առաջացնում եմ վախի զգացում ԱԱԾ աշխատակազմի մոտ, ապա կարելի է ենթադրել, որ մի քանի հատ էլ, որ ունենանք այդ տանկերից, կարող ենք իշխանափոխություն անել: Նույնիսկ ԱԱԾ-ն էլ կարող ենք վերացնել»,- կես կատակ, կես լուրջ նշեց նախաձեռնության անդամը:
Վերջինիս փաստաբան Տիգրան Սաֆարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես մեղադրանքը հիմնավորված չէ. «Արտակի կատարած արաքը խուլիգանություն որակել չի կարելի»:
Փաստաբանը հայտնեց, որ գործը դեռ դատարան չի ուղարկվել. «Ավարտական փուլում է, և նախաքննությունը դեռևս չի ավարտվել»:
Նրա խոսքով՝ մեղադրանքը միայն իր դիրքորոշումն արտահայտելու, և ընդհանրապես պայքարելու համար պատժելու նպատակ է հետապնդում. «Իրենց կարծիքով` դա նաև սթափեցնող նպատակ պետք է ունենա մնացած քաղաքացիների համար, որպեսզի մյուսները հանկարծ չմտածեն նման գործողություններ կատարելու մասին, ինչ-որ մի բանի մասին դժգոհեն բարձրաձայն»:
Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է պատիժ՝ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: Նախատեսվում է նաև ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հիշեցնենք նաև, որ «Հակահարված» Art խմբի անդամները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմել: «Хeржик суй» պաստառի համար խմբի անդամներից յուրաքանչյուրի նկատմամբ 58 հազար դրամ տուգանք էր նշանակվել: Նրանք պնդում են, որ սահմանված տուգանքն անօրինական է: ՄԻԵԴ ուղարկված գանգատում 20 էջանոց փաստարկներ են ներկայացրել:
Լուսանկարը՝ Hetq.am-ի:Նյութի աղբյուրը ` newsbook.am