Լուրեր են պտտվում այն մասին, որ նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, ով մինչև վերջերս ԵՏՄ կոլեգիայի անդամ նախարար էր, նշանակվելու է արտաքին գործերի փոխնախարար: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նախարարի տեղակալի հաստիքի ավելացման մասին, ով հատուկ զբաղվելու է արտաքին տնտեսական խնդիրներով: |
Որ Խոսրով Հարությունյանը կցանկանար որդուն իր կողքին տեսնել, ծնողական բնազդների տեսանկյունից դա հասկանալի է: Բայց մյուս կողմից էլ՝ Խոսրովը երբեք չի մոռանա, որ Ռոբերտ որդին ԵՏՄ անդամ նախարարի պաշտոնում ստանում էր ամսական 12 հազար դոլար աշխատավարձ՝ չհաշված նաև այն, որ նրան բնակարան էր հատկացվել Մոսկվայի կենտրոնում: Իսկ հիմա ստացվում է, որ Հարությունյանների ընտանիքում սկսվում են ծանր ժամանակներ:
Բանն այն է, որ կառավարության վերջին նիստի ժամանակ որոշում կայացվեց 7 միլիոն 544 հազար դրամ հատկացնել ԱԳ նախարարությանը, իսկ նախագիծը ներկայացնող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ գումարի տրամադրումը պայմանավորված է նախարարի տեղակալի հաստիքի ավելացմամբ:
Ստացվում է, որ Մոսկվայում կրտսեր Հարությունյանը երկու ամսում ավելի շատ էր վաստակում, քան այստեղ կստանա ամբողջ տարվա ընթացքում: Սակայն ինչեր չես զոհաբերի հանուն հայրենիքի շահի ու բարգավաճման: Առավել ևս, որ Հարությունյանները թաց տեղ քնողներից չեն: Այդ տարբերությունը նրանք կոպեկ առ կոպեկ կքամեն երկրից:
Այս նյութը դիտել են - 1360 անգամ