Ծառուկյանի գործն ապրում է և հաղթանակում...
2016-02-27 02:17:00

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ներկա կարգավիճակը դեռ շատերի համար է մնում անորոշ: Հավանաբար, նույնիսկ բազմաթիվ ԲՀԿ-ականներ չգիտեն էլ, որ Ծառուկյանն առ այսօր շարունակում է մնալ թե՛ այդ կուսակցության, թե՛ խմբակցության անդամ: Սակայն էլ ավելի զարմանալին այն, է, որ ոմանց համար նա դեռ իրենց աներևույթ ու բացակա առաջնորդն է:


Օրինակ, խորհրդարանի ԲՀԿ խմբակցության սենյակի նկատելի հատվածում մինչ օրս կախված է Ծառուկյանի մեծադիր նկարը: Այդ սենյակը պատկանում է խմբակցության ներկայիս քարտուղարին՝ Վահե Էնֆիաջյանին: Բայց վերջինս դրա մեջ ոչ մի զարմանքի պատճառ չի տեսնում: «Ես որևէ արտառոց բան չեմ տեսնում նրանում, որ պարոն Ծառուկյանի նկարը դրված է այնտեղ: Այդ նկարը եղել է մեր խմբակցությունում բավական երկար ժամանակ, և չեմ կարծում, թե որեւէ մեկն իրեն թույլ կտա այդ նկարն այնտեղից հանել»,- ասել է քարտուղարը:


Հրաշալի ու գնահատելի բան է հավատարմությունը և նվիրվածությունը: Միայն թե դրա արտահայտման ձևերի մեջ կույր կապվածությունը գրեթե միշտ էլ փոքր-ինչ անսովոր է թվում, առավել ևս, որ խոսքը տվյալ դեպքում ոչ միայն մարդկային հարաբերությունների ու կապվածության մասին է, այլ քաղաքական կուսակցության առաջնորդի հանդեպ ընդգծված ենթակայության: Իսկ եթե մի փոքր էլ այլ հայացքով գնահատելու լինենք տվյալ երևույթը, ապա տպավորությունն այնպիսին է, որ ԲՀԿ-ում դեռ հավատում ու սպասում են նրա վերադարձին և ապագան չեն պատկերացնում առանց նրա: Բայց քանի դեռ նա չկա, սրբապատկերները վառ կպահեն հիշողությունը:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1283 անգամ