Մենք պարտավոր ենք թույլ չտալ նման դեպքերի կրկնությունը.Ադամ Շիֆ
2016-02-27 04:36:00

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Կոնգրեսին ուղղված բաց նամակով ոգեկոչել է ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերի 28-րդ տարելիցը։

Asbarez-ի փոխանցմամբ՝ հայամետ դիրքորոշմամբ կոնգրեսականն ամենայն մանրամասնությամբ անդրադարձել է Սուգայիթի ջարդերի ընթացքում հայերի նկատմամբ իրականացված սարսափներին ու անմարդկային բռնություններին:

«Ադրբեջանական խառնամբոխը սպանեց հարյուրավոր հայերի, բռնաբարեց կանանց ու երիտասարդ աղջիկներին, անարգեց սպանվածների դիակներն ու այրեց դրանք: Այն երջանիկները, ովքեր կարողացան խուսափել սպանդից, թողեցին ամեն ինչ` հուսահատության մեջ փախչելով հեռու։

Այդ ջարդերը պատահականություն չէին, այլ ադրբեջանական իշխանությունների կողմից տարիներ շարունակ հակահայկական քարոզչության սոսկալի հետևանք: Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չպատժեցին սարսափելի դեպքերի պատասխանատուներին, այլև առ այսօր փորձում են քողարկել տեղի ունեցածը:

Սումգայիթի սպանդով ամեն ինչ չավարտվեց. 2 տարի անց տեղի ունեցան տխրահռչակ Բաքվի ջարդերը: Այս դեպքերի հետևանքով Ադրբեջանում բնակվող 450.000 հայերն անհետացան»,-նշել է Շիֆը:

Այնուհետև կոնգրեսականը նկատել է, որ հայերի հանդեպ ատելությունը չի վերացել ու դեռ մի բան էլ ավելացել է: Այս կոնտեքստում կոնգրեսականը վերհիշել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սոսկալի կացնահարության դեպքը, ինչից հետո Սաֆարովն իր հայրենիքում հերոս հռչակվեց:

«Այս տարի ապրիլին մենք կնշենք Հայոց ցեղասպանության` Թուրքիայի կառավարության կողմից առ այսօր հերքվող պատմական փաստի 101-րդ տարելիցը: Մենք պարտավոր ենք թույլ չտալ նման դեպքերի կրկնությունը. կապ չունի, թե դրանք երբ են տեղի ունեցել` 101, թե 28 տարի առաջ»,-եզրափակել է պաշտոնյան։

Այս նյութը դիտել են - 1431 անգամ