Այսօր տեղեկացվեց, որ Օպերայի շենքի հարակից տարածքում իրականացվել են ապօրինի ծառահատումներ: Ահազանգից անմիջապես հետո տվյալ տարածք այցելեցին Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և «Կենտրոն կանաչապատում» ընկերության մասնագետները՝ տեղում պարզելով, որ ապօրինաբար հատվել է երկու հացենի տեսակի ծառ:
Ավելի ուշ տարածված հաղորդագրության մեջ ասվում էր. «Ապօրինի ծառահատում իրականացնելու փաստով կազմվել է համապատասխան ակտ, նաև նախապատրաստվել են գրություններ, որոնք կուղարկվեն ՀՀ բնապահպանության նախարարության Երևան քաղաքի բնապահպանական պետական տեսչություն ու Երևան քաղաքի ոստիկանություն՝ համապատասխան ընթացք տալու համար: Երևանի քաղաքապետարանը դատապարտում է ապօրինի ծառահատման ցանկացած դեպք և հերթական անգամ նախազգուշացնում, որ նման իրավախախտում կատարող յուրաքանչյուր ոք կենթարկվի պատասխանատվության»:
Քաղաքապետարանի արդար զայրույթն ու օպերատիվությունը տպավորություն են գործում: Բայց միայն առաջին հայացքից: Իրավիճակին փոքր-ինչ այլ հայացքով նայելու դեպքում պատկերը բոլորովին այլ գույներ է ստանում: Երկու ծառի համար բարձրացված աղմուկ-աղաղակն իրականում մի նպատակ է հետապնդում՝ հասարակության և բնապահպանների ուշադրությունը շեղել գլխավորից: Իսկ ո՞րն է գլխավորը:
Սկսենք նրանից, թե ովքեր և ինչու կտրեցին ծառերը: Հասկանալի է, որ հիմա 1990-ականները չեն և հենց Օպերայի տարածքից մարդիկ վառելափայտ չէին տանելու տներ ջերմացնելու համար: Կնշանակի՝ ծառահատումն արվել էր, քանի որ այդ վայրում տեղական իշխանությունների կողմից կատարվել է հողահատկացում հերթական շինարարությունը կատարելու կամ սրճարան բացելու համար:
Ի դեպ, ճիշտ այսօր «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի ղեկավար Արմեն Պողոսյանը տեղեկացրել էր նաև, որ հենց Արամ Խաչատրյանի արձանի հարևանությամբ էքսկավատոր է աշխատում և ահազանգել էր, որ դրա հողահատկացումն ու շինթույլտվությունը հակաօրինական են: Ահա այս պատճառով էլ քաղաքապետարանն անմիջապես մեկնեց երկու ծառի հետքերով, որովհետև էքսկավատորն ու մնացած բաները միայն այդ ծառերի թիկունքում կարող էր թաքցնել: