ԳՐՔԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐ ՍԵՐՄԱՆՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԽՈՍՔԸ ԱՆՏԵՍՈՂԸ ` ԼՐԱԳՐՈՂ ՉԷ...
2016-02-27 22:51:00

Դարավերջի սումգայիթյան ոճրագործությունը դատապարտվեց Լևոն Ադյանի «Հեռացող եզերք» գրքի վերլուծության շրջանակներում, որը  տեղի  ունեցավ  Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում: Միջոցառումը հետաքրքիր էր, բայց դժգոհությունս` ակնհայտ: Կարծում եմ` Արցախի որոշ լրատվամիջոցներ իմ դժգոհությունից հետո պետք է լուրջ հետևություններ անեն, թե ինչու անուշադրության մատնվեց  մանկավարժիս  ելույթը, որը  գրքի  նկատմամբ սիրո, հետաքրքրության արտահայտություն էր, և  այն նույնքան ուշադրությամբ էլ  ընկալվեց ներկաների կողմից:  
Համոզված եմ, որ   այս դեպքում  լրագրողը առավել շատ պետք  է  կապված լինի  գրքին  և նույնքան էլ  ուրախությամբ պետք  է ընկալի դպրոցականների  ընթերցասիրությունը, առավելապես այն դեպքում, երբ խոսքը նաև  գրքի  քննարկման   էր  վերաբերում: Ընթերցում եմ   միջոցառման մասնակից  Զարինե  Սառաջյանի  անկեղծ  խոսքերը, հոգիս  բերկրանքով   է  լցվում.  «Շատ լավն էր Ձեր ելույթը, սրտի թրթիռով էի լսում Ձեր աշակերտների անկեղծ խոստովանությունները: Կարծես նոր սերունդը սիրո խոստովանություն էր անում հայ գրքին՝ Լևոն Ադյանի «Հեռացող եզերք»-ով....Դուք Ձեր մանկավարժական գործունեությամբ հերքում եք այն կարծրատիպը, որ այսօր ընթերցողը հեռացել է գրքից...Դուք աշակերտներին մոտեցնում եք գրքին, արթնացնում նրանց մեջ սեր եւ հետաքրքրություն գրքի հանդեպ, որը արժանի է գովեստի»:   	                                                                                                                    
  Ինչ մասնագիտություն էլ ունենա մարդ, կարծում եմ` յուրաքանչյուր  ոք  պետք  է առանձնահատուկ  ակնածանք ունենա  ոչ միայն գրքի, այլև  մեր օրերում գիրք  ընթերցողների նկատմամբ:  Տվյալ դեպքում ինձ մնում   է  ասել, որ գրքի  հանդեպ սեր սերմանող ուսուցչի  խոսքը  անտեսողը  լրագրող չէ:  
 Տարիների` իմ մանկավարժական գործունեության ընթացքում դեռ որևէ գրքի նկատմամբ այսքան հետաքրքրություն չէի նկատել, որքան աշակերտների և ուսուցիչների մոտ եմ նկատում մի գրքի հանդեպ, որն այս օրերին անցնում է ձեռքից ձեռք, միայն թե ընթերցեն: Իմ ունեցած միակ գիրքը շրջում էր դասարանից դասարան, պարզվեց` շրջկենտրոնի գրադարանում եղած երկու գիրքն էլ հապշտապ վերցրել են մեր աշակերտները, բայց  նաև օտար ափերում ապրող գրողի հետ կապ հաստատելով` մի քանի գիրք հայթայթեցի  ընթերցասերների համար: 
Մի՞թե սա ուրախալի փաստ չէ, որ  Լևոն Ադյանի «Հեռացող եզերքը»` իր սուղ տպաքանակով, այսքան շատ ընթերցողներ ունի, բայց դրա կողքին դեղնած, փոշոտված բազմաթիվ գրքեր կան, գուցե նաև մի քանի անգամ վերահրատարակված, որ երբևէ ընթերցող չեն ունեցել: 

Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ
Այս նյութը դիտել են - 1770 անգամ