Տարոն Մարգարյանը հասավ հրաժարականին...
2016-02-28 04:02:00

 

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սկսել է նախընտրական արշավը: Վերջին օրերին քաղաքապետարանից ստացվում է հաղորդագրություն հաղորդագրության հետեւից, թե ինչպես է Տարոն Մարգարյանը քննադատում քաղաքապետարանի այս կամ այն կառույցին վատ աշխատանքի, քաղաքացիների շահերը վատ պաշտպանելու, վատ սպասարկելու համար:

Օրինակ, փետրվարի 26-ին էլ Տարոն Մարգարյանը քարը քարին չի թողել Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության հարցերի պատասխանատուներից: «Երբեմն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք պատվիրատուի ներկայացուցիչն եք քաղաքապետարանում, այլ ոչ թե քաղաքի շահերը ներկայացնողը: Ճարտարապետն այն մարդն է, ով պետք է հետք թողնի պատմության մեջ: Այսպիսի՞ հետք եք ուզում թողնել ձեզանից հետո: Մեկընդմիշտ հիշեք, որ քաղաքաշինական լուծումները չպետք է լինեն Երեւանի հաշվին: Եվ հետո, Երեւանի քաղաքապետարանը նախագծային գրասենյակ չէ ձեզ համար, որ թղթաբանությունն ավարտեք ու տուն գնաք: Փոխե՛ք ձեր մոտեցումները: Եղե՛ք պահանջկոտ ու սկզբունքային պատվիրատուների հետ», հայտարարել է Տարոն Մարգարյանը:

2017 թվականին կրկին քաղաքապետ ընտրվելու համար կարեւոր կետի հասած Տարոն Մարգարյանին մնում է թերեւս երկու քայլ՝ հրաժարական տալ քաղաքապետի պաշտոնից եւ ստեղծել «Նոր Երեւան» անհնազանդության շարժում: ««Այս օրերին մամուլում կարդում եմ քաջ եւ նվիրված մեր երիտասարդների մեկնաբանությունները Երեւանի հին շենքերի պահպանման մասով եւ մեծ հույսով եմ լցվում, ուրախանում, որ անտարբեր չեն», ասում է Տարոն Մարգարյանը:

Պարզ է, թե ինչու են Երեւանում մեկը մյուսի հետեւից քանդվում հին պատմություն ունեցող շենքերը, «սարայները», ինչու է շարունակվում Երեւանի անճաշակ բետոնապատումը: Տարոն Մարգարյանը պարզապես մեկը մյուսի հետեւից առիթներ է ապահովում քաջ երիտասարդների պայքարի համար, որպեսզի ինքն ուրախանա այդ պայքարով: Որովհետեւ, եթե այդ աղավաղումները չլինեն, չի լինի երիտասարդների պայքարը: Եթե չլինի այդ երիտասարդների պայքարը, էլ ինչպես իմանաս, որ նրանք կան մեր քաղաքում: Եվ եթե չիմանաս, ինչպես ուրախանաս:

Այլ կերպ ասած, Երեւանի ճարտարապետական տեսքն ու պատմամշակութային կոլորիտն աղավաղվում է, որ Տարոն Մարգարյանի ուրախությունը լինի անպակաս:

Բայց, պետք է ենթադրել, որ այդուհանդերձ Տարոն Մարգարյանին Երեւանի ճարտարապետության պատասխանատուների դեմ է հանել ոչ թե երիտասարդների, այլ ՀՀԿ ներկուսակցական պայքարը Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար:

2017 թվականին տեղի է ունենալու Երեւանի քաղաքապետի նոր ընտրություն: Այդ պաշտոնի համար կարծես թե սկսվում է ներհհկական մեծ պայքար: Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ իրենց որդիներին Երեւանի քաղաքապետի պաշտոնում են ուզում տեսնել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որի որդին այժմ Արտաշատի քաղաքապետն է, ՀՀԿ-ական թաղային հեղինակություն պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Երեւանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդ է նաեւ ՀՀԿ-ական նախարար Գագիկ Բեգլարյանը: Հավանաբար կլինեն այլ հավակնորդներ:


Օրերս բավական թեժ իրադարձություններ էին ծավալվում Մհեր Սեդրակյանի շուրջ, եղան հրապարակումներ, որ դրանց հետեւում Հովիկ Աբրահամյանն է, ու պատճառն էլ մրցակցությունը քաղաքապետի պաշտոնի համար: Տեղեկություններ հրապարակվեցին, որ Գագիկ Բեգլարյանի եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունն է լարված, օրերս էլ ոստիկանությունը հանկարծ որոշեց քննել Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի մասին մամուլի հրապարակումները:

Երեւանը Հայաստանի կեսից ավելին է, ու զարմանալի չէ, որ իշխանության մեջ Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար սպասվում է դաժան պայքար: Ադ պատճառով էլ զարմանալի չէ, որ 2017-ին ընդառաջ Երեւանի քաղաքապետարանի տարատեսակ ստորաբաժանումների հանդեպ Տարոն Մարգարյանի քննադատությունն էլ կստանա ավելի ու ավելի դաժան բնույթ:

Պետք չէ զարմանալ անգամ, որ Տարոն Մարգարյանը սկսի նաեւ բողոքի ակցիաներ այս կամ այն շենքը պահպանելու համար: Ավելին, չի բացառվում, որ քաղաքացիներն ականատես լինեն տեսարանների, թե ինչպես է Մարգարյանը միայնակ ապամոնտաժում բուլդոզերը, որը փորձում է քանդել Երեւանի մի որեւէ հին շենք:


Նպատակը կլինի այն, որ տեսնեն ներկուսակցական մրցակիցները ու հասկանան, որ եթե Մարգարյանը կանգնեցնում է շենքի վրա գրոհող բուլդոզերը, ապա քաղաքապետի պաշտոնի վրա գրոհող կուսակիցներին կկանգնեցնի հաստատ՝ նույնիսկ հուշարձանի տեսքով:

lragir.am

Այս նյութը դիտել են - 1325 անգամ