Մանուկյան Արմինե, 6-րդ դասարան
Ուսուցիչներից մեկը դժգոհեց, որ իմ դասղեկական դասարանի աշակերտուհիներից մեկը խանգարել է իր դասը, դիտողություններն անգամ չեն օգնել նրան:
Ես առաջարկում եմ` միասին մտնենք դասարան, պարզենք, թե ինչու է խանգարել դասը: Նա չէր ուզում, իսկ ես պնդում եմ, և մեր ուսուցչի ներկայությամբ պատժում եմ այս դեռահասին: Սաստող մի քանի խոսքեր, վարքի անբավարար գնահատական, վերջին նստարան, որտեղ այս փոքրահասակը հազիվ էր երևում: Զգացի, որ նա էլ զարմացած է, պատիժը խիստ թվաց նրան: Իսկ ես հանգիստ եմ, գուցե նաև զայրացած, բայց արտաքուստ հանդարտ եմ ինձ պահում:
Այդ օրն անհանգիստ էի, խոհերիս շղթայում` մի վերջին նստարան էր, մի փոքրիկ աղջիկ, որ դաս էր խանգարել: Բայց հետո զարմանում եմ, երբ իմ հաջորդ օրվա դասաժամին երկար ցողուններով, կարմիր ժապավենով կապած, երեք վարդ ձեռքին` մոտեցավ ինձ:
Ժպիտ կար դեմքին, քողարկված թախիծ, իսկ ես զարմանքից նայում եմ նրան, բայց հիշում մի վերջին նստարան:
Մի ամբողջ դասարան խնդրում է ինձ, որ տեղափոխեմ այս փոքրահասակ աղջկան: Նայում եմ վարդերին, և հետո հենց իրեն, որ վերջին նստարանին նա գլխահակ ինչ-որ բան էր գրում... Կարդում եմ տողերը այս փոքրիկ աղջկա, մի փոքր կցկտուր, բայց անկեղծություն կար այնտեղ: «Ես երեկ անկարգ էի, դասղեկս բարկացավ, իսկ այսօր խելոք եմ, ծաղիկներ եմ նվիրել նրան»:
Նայում եմ վարդերին, ժպտում են ինձ, նայում եմ աղջկան, ուրախ է նորից, նա արդեն վերջին նստարանին չէր նստած:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ
Այս նյութը դիտել են - 1870 անգամ