Այսպիսի սարսափազդու վերնագրերով հաղորդագրություններ է տարածել Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունն անցյալ շաբաթ: Ոչ պակաս սարսափազդու են նաեւ բուն հաղորդագրությունները, որոնք կարդալուց հետո այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես դրանց հեղինակը քաղաքացիական որեւէ նախաձեռնություն է: Իսկ վերջին հաղորդագրությունն էլ այն մասին էր, թե ինչպես է ապօրինի երկու ծառ հատվել Երեւանում:
Տարոն Մարգարյանի հետ ինչ որ բան է կատարվում: Նա իր պաշտոնավարման ժամանակաշրջանում երբեք էլ համարժեքությամբ աչքի չի ընկել, ընդ որում՝ ամենատարբեր իրավիճակներում, եւ դրա շարունակությունն էլ ահա այս աչք ծակող հաղորդագրություններն են: Երեւանի խնդիրներով բոլոր քիչ թե շատ մտահոգ քաղաքացիները գիտեն, համոզվել են, թե ուր է ուղղվում Երեւանի բյուջեն, գիտեն, որ քաղաքապետարանը քաղաքացու կողքին չէ, որ քաղաքաշինական բոլոր լուծումները եղել են Երեւանի ու երեւանցիների հաշվին, որ Երեւանում հետեւողականորեն ոչնչացվում են կանաչ տարածքները, աղտոտվում է Երեւանի միկրոմիջավայրը եւ այլն: Երեւանցիները գիտեն, թե հանուն ում եւ ինչի է դա արվում, դա երեւում է անզեն աչքով:
Ասել, որ այս երեւույթները նոր են՝ անարդար կլինի: Սա սկսվել է Տարոնի նախորդների օրոք եւ շարունակվել նրա պաշտոնավարման շրջանում, գրեթե հասնելով իր ավարտին: Իսկ երբ ամեն ինչ ավարտվում է, օրինակ՝ էլ հին շենք չի մնացել, որ քանդվի, ծառ չի մնացել՝ որ կտրվի, կարելի է նաեւ նման հայտարարություններ անել:
Հայաստանում այս տեսակետից ամեն ինչ ավարտվել է՝ քաղաքականության, տնտեսության քվոտավորումը, արդարադատության, ընտրական մեխանիզմների ոչնչացումը: Ավելին, դա ամրագրվել է նաեւ օրենսդրությամբ ու նոր Սահմանադրությամբ: Այս պայմաններում, երբ իշխող համակարգը հասել է «զրոյական» վիճակին, կարելի է արդեն խոսել ինչ ասես:
Երեւում է, Տարոն Մարգարյանը փորձել է Երեւանում «տեղայնացնել» Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթի բովանդակությունն ու թեզերը, առաջ ընկնելով մյուս ՀՀԿ-ական պաշտոնյաներից, որոնք առայժմ չեն շտապում: Կամ կասկածով են վերաբերվում Սերժ Սարգսյանի ելույթին, կամ չեն ցանկանում իրենք իրենց դեմ վկայություն տալ ու հայտնվել ծիծաղելի իրավիճակում:
Այս տեսակետից, Տարոնի առաջ ընկնելը նրա անհամարժեքության հերթական վկայությունն է: Այլ տրամաբանություն, այդ թվում նախընտրական, դժվար է գտնել: