Վաչե Գաբրիելյանը Հայաստանի հետ կապ չունի...
2016-02-29 02:19:00

«Համապատասխան քայլերի և ծրագրերի շնորհիվ մենք կարող ենք ունենալ նույնպիսի տնտեսական աճ, ինչպիսին 2015 թ.-ին»: Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա այս միտքն ասել է, այն բանից հետո, երբ միջազգային տնտեսական կառույցները կանխատեսել են, որ 2016 թվականը Հայաստանի տնտեսության համար կլինի ծանր և ոչ բարենպաստ:


Նախ խոսենք նախորդ տարվա մասին, քանի որ Գաբրիելյանի կարծիքով այն ունեցել է լավ արդյունքներ: Տեսնես ի՞նչը նկատի ունի նախարարը՝ լավ ասելով, քանի որ ցուցանիշները ճիշտ հակառակն են ասում: Այսպես, 2015 թվականն առաջին հերթին աչքի ընկավ մի շարք կարևոր տնտեսական ցուցանիշների նվազմամբ. 3,9%-ով կրճատվեց արտահանումը, 26,5%-ով` ներմուծումը, 8%-ով` ներքին առևտրի շրջանառությունը, ինչը բացասական ազդեցություն թողեց արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերի վրա: Ու երբ այսքանից հետո նախարարն ասում է, թե նախորդ տարին լավ էր, եկողն ավելի լավ է լինելու, ապա անհրաժեշտություն է ծագում միջամտել նրան:


Վաչե Գաբրիելյանին պիտի ասել, որ միջազգային կառույցների կանխատեսումներում խոսք է գնում ոչ թե իր մասին, այլ Հայաստան երկրի: Միջազգային կառույցները հանրապետության վաղվա օրն են կանխատեսել անհուսալի, իսկ Գաբրիելյանի բարեկեցության մասին ոչինչ չեն ասել, քանի որ առանց ասելու էլ հասկանալի է, որ բարեփոխումների նախարարի համար հրաշալի ժամանակներ են սպասվում: Հենց այդպես էլ լինում է, որ պահպանվում է հավասարակշռությունը: Երբ մեկի համար շատ լավ է, մյուսների համար կլինի շատ վատ: Եվ ուրեմն, երկիրն էլ դեպի լավը թեքվելու այլ ելք չունի, քան ազատվել Գաբրելյանից ու նրա կարգի պաշտոնյաներից:


Սակայն, այնուամենայնիվ, պետք է Վաչե Գաբրիելյանին և նրա ասածներին ըմբռնումով մոտենալ: Ի վերջո, նա մի այնպիսի թիմից է, այնպիսի քաղաքական-գաղափարական ծագում ունի, որ նրան շատ բան կարելի է ներել: Ամեն դեպքում, նա երջանկահիշատակ Տիգրան Սարգսյանի թիմի ամենամեղսունակ անդամն է, որին չի կարելի է համեմատել, ասենք, Ներսես Երիցյանի հետ...

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1478 անգամ