Ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամը գնել է Վիլյամ Սարոյանի առանձնատունը: 20-րդ դարի ամերիկյան գրականության հսկաներից մեկը՝ Վիլյամ Սարոյանն ապրում եւ ստեղծագործում էր Ֆրեզնոյի Գուպեր միջնակարգ դպրոցից (Gooper Middle School) արեւմուտք ընկած 2729 Գրիֆիֆ Վեյ (W Griffith Way) փողոցում գտնվող առանձնատանը:
Այսօր մեծանուն գրողի տունը գտնվում է ամայացած ու դատարկված վիճակում՝ փայտե պատուհաններով, խնամքի բացակայության արդյունքում առաջացած լուրջ վերանորոգում պահանջող պատերով, հատակով եւ այլն:
Խորապես գիտակցելով Սարոյանի թողած ժառանգության համամարդկային կարեւորությունը, հաշվի առնելով առանձնատան անմխիթար վիճակը եւ նպատակ ունենալով փրկել այն ոչնչացումից՝ 2015 թվականին այն գնեց Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված Ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամը, որը վերջին երկու տարիների ընթացքում մեծ զարկ է տվել հայերեն վիքիպեդիայի զարգացմանը եւ նպաստել հայկական ինտելեկտուալ ներուժը միջազգային մակարդակի բարձրացնելուն: Առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլեւ ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ եւ այլ մշակութային միջոցառումներ:
Ինտելեկտուալ Ռենենսանս հիմնադրամը մշակում է, եւ շուտով հանրության դատին կհանձնի տուն-թանգարանի վերակառուցման նախագիծն ու գործունեության պլանը:
«Ի դեպ, առիթից օգտվելով առաջարկում ենք բոլոր ցանկացողներին ներկայացնել իրենց գաղափարներն՝ ուղարկելով նամակ [email protected] էլ. հասցեին: Մենք մեծ ուրախությամբ կքննարկենք բոլոր առաջարկները»,-ասված հաղորդագրությունում:
Այս նյութը դիտել են - 3806 անգամ