Նոր Ջուղայի տարածքում 70 հին հայկական տուն է պահպանվել: Այս մասին «Նոր Ջուղա» խորագիրը կրող գիտաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ Սպահանի համալսարանի արվեստի ֆակուլտետի պրոֆեսոր, հետազոտող Ահմադ Մոնթազերը:
«Նոր Ջուղայում հայերի և պարսիկների պատրաստած տները տարբերություններ ունեն: Այնտեղ թե’ հայկական, թե’ պարսկական տները կառուցվել են աղյուսով և կավով: Քար ընդհանրապես չի օգտագործվել: Նույնը տեսնում ենք Ջուղայի եկեղեցիների պարագայում: Երբ 1985 թվականին ուսումնասիրեցինք Ջուղայի հայկական տները, տեսանք, որ այնտեղ 300 տուն կա: Բայց այս տարի ուսումնասիրելիս նկատեցինք, որ 70-նն են մնացել: Մնացածը քանդվել են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց հետազոտողը:
Ահմադ Մոնթազերի խոսքով` տները քանդելը պետության նախաձեռնությամբ չի եղել: «Նախկին բնակիչը բնակարանը վաճառել է որևէ անձնավորության, որի համար կարևոր չի եղել տունը պահպանելը: Քանդել է: Իրանի հեղափոխության ժամանակ տներ քանդելը մեծ տարածում գտավ»,-նշեց նա` հավելելով, որ պետությունը ջանում է արգելել տների քանդումը: Ահմադ Մոնթազերի տեղեկացմամբ` կա նաև կազմակերպություն, որը հսկում է տարածքը` փորձելով պահպանել տները, թեև դա շատ դժվար է: «Տները մեկ կամ երկու հարկանի են: Ծրագիր կա այնպես անել, որ ոչ մի մեքենա չմտի այդ տարածք, այլ մարդիկ քայլելով մտնեն Նոր Ջուղա»,-հավելեց նա:
ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում փետրվարի 29-ին անցկացվում է «Նոր Ջուղա» խորագիրը կրող գիտաժողով, որին մասնակցում են բազմաթիվ հետազոտողներ:
Այս նյութը դիտել են - 5375 անգամ