Թուրքիան պետք է աչք չփակի Հայոց ցեղասպանության հարցում
2015-12-05 07:15:00

Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի հայ եւ թուրք հասարակությունները կրկին սկսեն վստահել միմյանց, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահդին Դեմիրթաշը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Մերձավոր Արեւելքի հաստատության կողմից կազմակերպված վեհաժողովի ընթացքում:

«Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, դա մի խնդիր է, որը մեզ անհրաժեշտ է ընկալել տարբեր հարթություններում: Մեր կարծիքով, Թուրքիային անհրաժեշտ է կարգավորել այդ հարցը», - հայտարարել է Դեմիրթաշը:

Հայոց ցեղասպանության հարցը վեհաժողովում բարձրացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի թեմական պատվիրակՎիգեն Արքեպիսկոպոս Այքազյանը, ով Սելահդին Դեմիրթաշին շնորհակալություն է հայտնել Եղեռնի խնդրի վերաբերյալ հետեւողական դիրքորոշում հայտնելու կապակցությամբ:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը համանախագահում է Դեմիրթաշը, սոցիալիստական ուժ է եւ զբաղվում է ոչ միայն քրդերի, այլեւ` բոլոր ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանությամբ:

Իր ելույթում Դեմիրթաշը նշել է, որ փոխվստահության հաստատումը գործընթաց է, որը նախկինում սկսվել էր պաշտոնական Անկարայի մասնակցությամբ եւ որն անհրաժեշտ է շարունակել.

«Մենք պետք է կանգ չառնենք եւ աչք չփակենք այդ հարցի առջեւ», - ընդգծել է քաղաքական գործիչը:

Նշենք, որ Թուրքիայում խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող քաղաքական ուժերը չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Սելահդին Դեմիրթաշն այդ կապակցությամբ ասում է, որ Թուրքիայում դեռ բոլորը չեն հասկանում այդ գործընթացը շարունակելու կարեւորությունը, սակայն խնդրում է դրա մեջ չմեղադրել ամբողջ թուրք հասարակությունը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, դեռ մնում են պատմական հարցեր, որոնք խորն ուսումնասիրության կարիք ունեն:

«Մենք պետք է եղբայրներ դառնանք, ավելի շուտ, կրկին եղբայրանանք: Բոլոր հարցերը պետք է քննարկվեն բաց եւ անկեղծ: Մեզ անհրաժեշտ է կրկին վստահել միմյանց», - հայտարարել է Դեմիրթաշը:

Այս նյութը դիտել են - 1554 անգամ