Հայաստանից եւ Ադրբեջանից ավտոմեքենա գնողների նախընտրությունները տարբեր են: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց վրացական Ռուսթավիի «AutoPapa» ավտոշուկայի գլխավոր տնօրեն Եվգենի Ուստինովը: Նրա խոսքով, 2014 թվականին Ադրբեջանում վաճառքի կրճատումից հետո ավտոմեքենաները Ռուսթավիում էժանացել են, ինչը Հայաստանից գնորդների օգտին է:
Հիշեցնենք, որ 2014 թվականի ապրիլին Ադրբեջանում Եվրո-4 էկոլոգիական ստանդարտից ցածր ավտոմեքենաների արգելք սահմանվեց: Ուստինովի խոսքով, պահանջարկը նվազեց, ավտոմեքենաներն էժանացան:
Ադրբեջանից գնորդները նախընտրում են փոքր տարողությամբ եւ դիզելային շարժիչով մեքենաներ, քանի որ շարժիչի ծավալից կախված է նաեւ մեքենայի մաքսազերծումը: Իսկ Հայաստանի քաղաքացիներին մեծ տարողությամբ շարժիչով մեքենաներ են հետաքրքրում, քանի որ դա մաքսազերծման արժեքի հետ կապ չունի:
«Մեկ անգամ չէ, որ տեսել եմ, որ Հայաստանից ժամանողները մեծ շարժիչով մեքենա են փնտրում: Եթե X5, ապա 4.4 լիտր ծավալով, եթե Toyota կամ Lexus, ապա՝ 4.7: Ընտրելիս ասում են՝ թող հին լինի, բայց շարժիչը՝ հզոր: Հատկապես նրանք, ովքեր համեմատաբար թանկ՝ ավելի քան 10 հազար դոլար արժողությամբ մեքենա են գնում: Իսկ եթե խոսքը ոչ թանկարժեք մեքենաների մասին է՝ 5 հազար դոլարից պակաս, ապա կարող են նախընտրել նաեւ փոքր շարժիչով: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Հայաստանի ռելիեֆը մեծ հզորություն եւ շատ ձիաուժ է պահանջում»,- նշեց Ուստինովը:
Այս նյութը դիտել են - 1317 անգամ