Միացյալ Նահանգների հայերը "Սուպեր երեքշաբթի"-ի նախօրեին նույնպես պատրաստվում են նախնական ընտրությունների: Մարտի մեկին ԱՄՆ-ում միանգամից տասներկու նահանգում տեղի են ունենալու նախնական ընտրություններ, որոնց ընթացքում քաղաքացիները կարող են աջակցություն հայտնել կուսակցությունների ներսում միմյանց հետ մրցող հանրապետական եւ դեմոկրատ թեկնածուներին:
Ֆլորիդայի"′Հայեր" հանդեսի խմբագիր Թանիել Քուշաքչյանը նախատեսում է իր ձայնը տալ Ֆլորիդայի սենատոր, հանրապետական Մարկո Ռուբիոյի օգտին:
«Մարկո Ռուբիոն ինձ համար լավագույն թեկնածուն է, եւ ոչ միայն որովհետեւ ես երիտասարդ ամերիկացի եմ, այլ որովհետեւ ես ամերիկահայ եմ, իսկ նա չափազանց նվիրված է քրիստոնեության արժեքներին եւ կրոնի ազատությանը», - նշում է Քուշաքչյանը:
Վիրջինիա նահանգում բնակվող Անի Թրամբլյանը նույնպես հանրապետականների կողմնակից է: Նախնական ընտրություններին նա աջակցելու է Թեքսասի սենատոր, հանրապետական Թեդ Քրուզին:
«Ես Թեդ Քրուզին եմ ընտրելու, որովհետեւ ամենից կարեւոր բանն Ամերիկան է», - նշում է Թրամբլյանը:
Թրամբլյանը նաեւ կիսում է Քրուզի արտաքին քաղաքական օրակարգը, ով դեմ է Սիրիայում ամերիկյան ցամաքային գործողություններին եւ կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Ընդհանրապես, Թանիել Քուշաքչյանի կարծիքով, վերջին տարիներին նկատվում է ամերիկահայերի կողմից հանրապետականներին աջակցելու միտում: Այսպես, եթե հին սերնդի ամերիկահայերից շատերը սովորաբար դեմոկրատների օգտին էին քվեարկում, ապա նոր սերունդը քվեարկում է նորովի.
«Ամերիկահայերի նոր սերունդն ավելի պահպանողական է եւ ավելի է գնահատում ընտանեկան արժեքները, անձնական ազատությունները եւ կրոնի ազատությունը: Այնպես որ, կարծում եմ այս ընտրությունների ընթացքում ականատես կլինենք, թե ինչպես բազմաթիվ ամերիկահայեր իրենց ձայնը կտան հանրապետականներին»:
Հիշեցնելով, որ ԱՄՆ-ի հանրապետական նախագահ Ռոնալդ Ռեյգանը միակն էր, ով նախագահի պաշտոնավարության ընթացքում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Թանիել Քուշաքչյանը նշել է, որ հայամետ օրինագծերի օգտին ամենաշատը քվեարկած թեկնածուներն են հանրապետականներ Մարկո Ռուբիոն եւ Թեդ Քրուզը:
Հիշեցնենք, որ հանրապետականների շրջանում դեռեւս առաջատարն է գործարար Դոնալդ Թրամփը, մինչդեռ դեմոկրատների շրջանում լուրջ պայքար է նախատեսվում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Վերմոնթի սենատոր Բերնի Սենդերսի միջեւ: "Սուպեր երեքշաբթի"-ն թեկնածուների համար կարեւորագույն օրն է, քանի որ այն հաճախ թույլ է տալիս կանխորոշել հանրապետական եւ դեմոկրատական հավանական նախագահական թեկնածունիերին:
Այս նյութը դիտել են - 1808 անգամ