Կադրեր չի ջարդի, դրանք ինքնաջարդ կլինեն...
2016-03-01 09:36:00

Կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն իր նշանակման առաջին իսկ օրը խոստացավ, որ համակարգում կադրային ջարդ չի իրականացնելու, և նրա խոստումը տպավորություն թողեց հատկապես այն աշխատակիցների վրա, ովքեր արդեն ազատման դիմումները գրել և պահ էին տվել դարակներում՝ սպասելով հարմար պահի:


Լևոն Մկրտչյանը չէր խաբել նրանց, քանի որ նախարարն այս հարցում էլ իր հետ նորամուծություններ է բերել, և դրանցից մեկի ականատեսը դարձանք հենց այսօր: Մարտի 1-ին, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում կայացավ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի մրցույթը, որին առաջադրված էին 4 թեկնածուներ: Իսկ հիմա տեսեք, թե ինչ կատարվեց նրանց հետ:


Թեկնածուներից Վարդան Բարսեղյանը չմասնակցեց: Ավելի ուշ նա ասաց, թե իբր քնած է մնացել ու ուշացել է մրցույթից: Մյուս առաջադրված թեկնածուներից երկուսը՝ Արմեն Պապյանն ու Արկադի Պետրոսյանը, արթնացել էին ճիշտ ժամանակին, սակայն վերջին պահին հանկարծ որոշել էին ընդհանրապես չներկայանալ մրցույթի վայր: Եվ արդյունքում մնացել էր վերջին երջանիկը՝ Նաիրի Հարությունյանը: Հենց այս երջանիկն էլ պայքարի մեջ մտավ ինքն իր դեմ և փայլուն հաղթանակ տարավ՝ գրեթե հարյուր տոկոսանոց արդյունքով:


Ահա այսպես գրագետ, օրինական, խորամանկ և, որ կարևորն է, անվտանգ մեթոդներով են դաշնակները լուծում կադրերի հարցը: Ու հիմա ո՞վ կարող է ասել, թե Լևոն Մկրտչյանը խոստումնազանց է եղել:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1357 անգամ