Վարչապետը հասավ իր նպատակին. Հարկայինն ու Մաքսայինն անջատվեցին Ֆիննախից...
2016-03-01 09:49:00

 

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով վերակազմակերպում է Ֆինանսների նախարարությունը:

Ըստ այդմ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վերակազմակերպվում է` դրանից առանձնացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի վերնագրի «կառավարության կառուցվածքը» բառերը փոխարինվում են «կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների կառուցվածքը» բառերով, իսկ հրամանագիրը II բաժնի 1-ին կետից հետո լրացվում են հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝
«1.1. Պետական եկամուտների կոմիտե»:

Սահմանվում է, որ «Մաքսային կարգավորման մասին», «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված վերադաս մաքսային և հարկային մարմինների ղեկավարը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահն է:

Բացի սա` Սերժ Սարգսյանը կարգադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

Տեղեկությունները, որ ֆինանսների նախարարությունից անջատված Հարկային ու Մաքսային ծառայությունների ղեկավար է նշանակվելու Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, դեռ պաշտոնական հաստատում չեն ստացել, բայց կարծես խիստ հավաստի են:

Նույն տեղեկությունների համաձայն, ֆինանսների նախարար կնշանակվի ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

armtimes.com

 
Այս նյութը դիտել են - 1305 անգամ