Համացանցի քննարկման առարկա է դարձել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան, նախկին հռչակավոր ծանրամարտիկ, աշխարհի եւ օլիմպիական խաղերի չեմպիոն, բազմաթիվ ռեկորդների հեղինակ Յուրի Վարդանյանի ելույթը ցեղասպանության թեմայով: Վարդանյանը իր ելույթում նշում է, որ ցեղասպանությունն իր համար «զավեշտալի» հարց է: Հետագա մտքերը հուշում են, որ Վարդանյանը ինչ որ բան շփոթում է: Նա ինչ որ բառ կորցրել է, ու տեղը գտել է զավեշտալին, դա աներկբա է: Յուրի Վարդանյանը խոսում է մեկուկես միլիոն հայերին գլխատելու անընդունելիության մասին:Այս նյութը դիտել են - 1346 անգամ
Հռչակավոր ծանրամարտիկը, որ իր գլխի վերեւում պահել է հարյուրավոր կիլոգրամներ, գերազանցելով անգամ իր քաշային կարգից բարձր քաշայինների ցուցանիշները, իր դիվանագիտական կարգավիճակից բխող առաքելություննն ակնհայտորեն «գցել է ոտքին»:
Դա է ծանր, թե ծանրաձողերն էին ծանր: Իհարկե անհնար է ասել, որովհետեւ դրանք համեմատելի մեծություններ չեն, եւ համեմատելու փորձը ակնհայտորեն տանելու է փակուղի: Յուրի Վարդանյանn ակնհայտորեն հայտնվել է փակուղում, թեկուզ ոչ իր, այլ իշխանության համեմատության պատճառով: Իշխանությունն է համեմատել ծանրաձողի եւ դիվանագիտական աշխատանքի քաշերը՝ որն արտահայտվել է նրան Վրաստանում ՀՀ դեսպան նշանակելու մասին Սերժ Սարգսյանի որոշումով, ինչի հետեւանքով էլ Յուրի Վարդանյանը հայտնվել է փակուղում:
Նա հայտնվել է ոչ իր միջավայրում, ինչի հետեւանքով էլ հռչակավոր մարզիկն այսօր դառնում է ծիծաղի առարկա: Ինչ խոսք, այլ հարց է, որ անկախ մասնագիտությունից, մարդու գրագիտությունը պետք է բավարարի չասել բաներ, որոնք կարող են նրան դարձնել ծիծաղի առարկա: Բայց, եթե Վարդանյանը չլիներ դեսպան, ապա չէր լինի այդպիսի ելույթի առիթ, ու մարզիկը չէր դառնա համընդհանուր զավեշտի զոհ:
Նույն կերպ, օրինակ, այդպիսի զավեշտի զոհ են դառնում թաղային հեղինակությունները, այսպես ասած «ճշտով ապրողները», որոնք եւս իշխանության հետ գործարքի հետեւանքով ստիպված են հայտնվել միջավայրային ցնցման մեջ, դառնալով այնպիսի արտահայտությունների հեղինակ, որոնք առաջացնում են հանրության ծիծաղը: Եվ հետո ստիպված լինելով նաեւ արդարանալ, ինչն արդեն սկսում է հակասել նրանց «ճշտին»: Այդ իրավիճակի թարմ օրինակ էր Մհեր Սեդրակյանի հետ կապված վերջին պատմությունը:
Թե Յուրի Վարդանյանը, թե Մհեր Սեդրակյանը մեծագույն հաճույքով կսահմանափակվեին իրենց միջավայրերով: Անկասկած, հանրային-պետական կյանքի համար այդ միջավայրերը խնդրահարույց են, որպես յուրօրինակ ապաքաղաքացիական, ապաիրավական միջավայր, բայց այդ մարդիկ իրենց միջավայրերում առավել անվտանգ եւ վերահսկելի են պետության համար, եթե նրանց իրենց միջավայրերից դուրս բերող գործարքների միջոցով իշխանությունը չաղավաղի պետականությունն ամբողջությամբ:
Միջավայրերի տոտալ լղոզումը հանդիսացել է Հայաստանի իշխանական համակարգի դիմադրունակության եւ կենսունակության առանցքային, ռազմավարական գործոններից մեկը: Դրա շնորհիվ տեղի է ունեցել տրամագծորեն հակառակ միջավայրերի լայն, արատավոր սերտաճում: Որեւէ հանցանք կամ թերացում, կամ բացթողում չի պատժվել օրենքով կամ իրավունքով, այլ պարգեւատրվել է իշխանությամբ: Հանրության առաջ պատասխանատվության ինստիտուտի փոխարեն, որը ենթադրում է միջավայրային հստակություն, գործել է իշխանության առաջ պատասխանատվություն ստանձնելու ինստիտուտը, որը ջնջել է միջավայրերի սահմանները:
Այդպիսով, իշխանությունը առավելություն է ձեռք բերել թե հանրության, թե տարբեր միջավայրերի վրա՝ որոնց հանդեպ այդ առավելությունը չէր լինի, եթե չլիներ լղոզումը: Լղոզված միջավայրերի ներկայացուցիչները հանրության համար դարձել են ծիծաղելի կամ զազրելի, մնալով իշխանության խնամքին եւ դառնալով լիարժեք կառավարելի:
Հետեւանքն այն է, որ լղոզվել է հայկական պետականությունը, ծիծաղելի դառնալով արդեն համաշխարհային միջավայրի մասշտաբով, դառնալով անմրցունակ եւ անկենսունակ:
Փոփոխությունը կարող է սկսվել միջավայրերի տարանջատումով, երբ կձեւավորվի որեւէ նոր միջավայր, որն իր գոյությամբ, ստեղծագործական արդյունքով հստակ կսահմանազատի մյուսներին, լղոզվածության փոխարեն սահմանելով գործակցության կամ մարգինալության կանոններն ու արժեհամակարգային հիմքը: Միջավայրերը կամ կգործակցեն՝ համակեցության կանոնների եւ արժեքների հիման վրա, կամ կմարգինալացվեն, դուրս մնալով հանրային արժեհամակարգից: