Սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը ներկա պահին ապրում է իր ամենածանր օրը...
2016-03-01 16:25:00

Այսօր հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել ֆինանսների նախարարությունը վերակազմակերպելու մասին: Սա նշանակում է, որ նախարարությունից առանձնացվում է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: Հետևանքների մասին արդեն զանազան ենթադրություններ են հնչում:

Ասում են, թե իբր ՊԵԿ-ը ֆինանսների նախարարության կազմից հանելուց հետո այդ կառույցի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Գրում են նաև, թե ֆինանսների նախարար կնշանակվի ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ով ավելի վաղ արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը:


Սակայն այս բոլորը դեռ կռահումների ժանրից են: Իսկ կատարվածի մեջ էականն այն է, որ սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը ներկա պահին ապրում է իր ամենածանր օրը: Թիկունքում են մնում նրա պայծառ օրերը, գալիս են նոր մարդիկ, նոր դեմքեր, նոր հարաբերություններ: Իսկ ամենակարևորը՝ երկրի հարստագույն քաղաքացին զրկվում է իր առատության եղջյուրից:


Խաչատրյանն արդեն կարող է մեղավորներ փնտրել իր վերահաս դժբախտության համար: Շատ հարմար կլինի, եթե նա այս պահից սկսի հայհոյել դաշնակներին, որոնք եկան իշխանության ու իրենց գալուստով սասանեցին անսասան նախարարի հիմքերը:


Սակայն մենք ցավում ենք ոչ թե նախարար Խաչատրյանի, այլ մեկ այլ բանի համար: Նախագահ Սարգսյանն այսօր չեղարկեց իր հազվագյուտ ճիշտ որոշումը, այն է` երկրի ֆիսկալ համակարգը մտցնել ֆինանսների նախարարության կազմի մեջ: Չկա աշխարհում որևէ նորմալ երկիր, որտեղ հարկային ծառայությունները գործում են ֆինանսների նախարարությունից դուրս և անկախ, քանզի հենց այդ նախարարությունն է բյուջեի կատարողն ու պատասխանատուն, հետևաբար, հենց այնտեղ էլ պետք է բյուջեն համալրվի: Եվ այսօր Հայաստանը կամավոր դուրս եկավ այդ նորմալ երկրների ցանկից և վերադարձավ իր ակունքներին: Առաջիկայում կտեսնենք, թե հանուն ում կամ ինչի դա տեղի ունեցավ:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1297 անգամ