6-րդ դասարանում եմ, դեռ դասամատյանը սեղանին չդրած` աշակերտուհիներից մեկը օրագիրը իմ առջև` սեղանին դրեց: Անուշադրության մատնեցի, երևի ուզում է, որ իրեն դաս հարցնեմ, բայց մի քանի րոպե անց նա կանգնում է: Իմ հարցումին, թե ինչու է կանգնել, նա անվարան պատասխանում է. «Ինձ անբավարար նշանակե՛ք», ապա զարմացած հայացքս նկատելով` ավելացնում է. «Ես այսօր Գոռին վիրավորել եմ, այն էլ` այդ բառերը գրել եմ, իսկ նա կարդացել է»:
Կարապետյան Արմինե
Գոռը դասարանի փոքրահասակն է, մի սիրուն անմեղություն, որի դասերին անպատրաստ ներկայանալը երբեմն անտեսում եմ, որ հաճախակի մասնակցում է ընբշամարտի մրցումների, ու քանի~-քանի հաղթանակներ է բերել մեզ համար: Հայացքս ուղղում եմ Գոռին, նա շատ հնազանդ, կամացուկ ձայնով, մի քիչ խեղճացած, մանրիկ մի ժպիտ դեմքին խաղացնելով` նայում է ինձ ու խոսում կամաց. «Ես չեմ բողոքում ասված, մոռացված բառերի համար, որ ինձ էր ուղղել... »: Իսկ այն «անկարգը» նորից է պնդում. «Իմ վարքն անբավարար նշանակե՛ք, տիկի՛ն Պողոսյան...»: Ու ես բացում եմ օրագիրը, բոլորի հայացքներն ուղղված են ձեռքիս: Տեսնես գրիչը զորեղ կլինի, որ կարողանա ինձ համոզել, որպեսզի իմ զղջացող աշակերտուհու վարքն անբավարար նշանակեմ: Հասկանում էի, որ դրանով թերևս իմ աշակերտուհու հոգին մի փոքր գուցե կթեթևանար, բայց նորից փակում եմ օրագիրը, ուշադիր նայում նրանց հայացքներին:
Գրիգորյան Գոռ
Իմ փոքրիկ ընբշամարտիկը ժպտում էր ուրախ, այն փոխանցվեց մյուսներին, նայում եմ իմ աշակերտուհուն, ապա հարցնում. «Կարո՞ղ ես մի նկար ուղարկել ինձ», զարմացած հարցնում է` բայց ինչու՞ համար, իսկ ես ժպտում եմ ու մի պահ ասում` հետո կտեսնես...
Հուսով եմ հիմա, որ իմ աշակերտուհին կտեսնի իրեն ու չի զարմանա, որ մի օր այսպես «հայտնի» էլ դարձավ:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ
Այս նյութը դիտել են - 1866 անգամ