Թուրքիայում ամենամեծ սպառնալիքը համարում են Ռուսաստանի քաղաքականությունը
2016-03-02 09:11:00

Թուրքիայում այսօր քաղաքական մեծաթիվ գործիչներ ու փորձագետներ, ինչպես նաեւ ազգայնական ու կառավարամետ մամուլի միջոցներ են շարունակում Մոսկվային մեղադրել Թուրքիայի դեմ "դավադրություն" իրականացնելու մեջ։ Նույնիսկ Բուլղարիայից անցյալ ամիս թուրք մի դիվանագետի արտաքսման փաստը թուրքական թերթերը համարում են ՝՝Մոսկվայի սարքած գործ՛՛։

Ռուսաստանի նկատմամբ նման մոտեցում է ցույց տալիս նաեւ այս երկրի բնակչության մի զգալի հատվածը։ Ստամբուլի Քադիր Հազի համալսարանի ամենամյա հարցումների այս տարվա արդյունքում պարզվել է, որ թուրքերը Ռուսաստանը համարում են որպես իրենց թիվ մեկ սպառնալիք։ Այսպիսով Ռուսաստանն այս տարի սպառնալիքների ցանկում առաջ է անցել Իսրայելից։
Ինչպես այս համալսարանի միջազգային հարցերով փորձագետ Սոլի Օզելն է ասում, հարցման արդյունքն ամենեւին էլ անակնկալ չէր իրենց համար։


՝՝Սա մի հասարակություն է, որն աշխարհի ու հենց իր մասին տեղեկությունների 85 տոկոսը ստանում է հեռուստակայանների միջոցով՛՛, ասում է նա։ ՝՝Ու, քանի որ հեռուստաընկերությունների մեծ մասն ունի կառավարության կողմից հնչող մեղադրանքները կրկնելու հատկություն, քանի որ կառավարությունը շարունակում է Ռուսաստանը համարել Թուրքիայի համար թշնամի, պարզ էր, որ բնակչության մեծամասնությունն էլ այդպես պիտի մտածեր՛՛։ 

Հիշեցնենք, որ Մոսկվայի ու Անկարայի միջեւ այս լարվածությունն առաջ եկավ ու թշնամանքը խորացավ այն բանից հետո, երբ նոյեմբեր ամսին Սիրիայի օդային հենակետերից մեկից թռիչքն իրականացրած ռուսական ռազմաօդանավը կործանվեց թուրքական ուժերի կողմից։

Ինչպես թուրք պատմաբան Այհան Աքթարն է հիշեցնում, պատմության ընթացքում Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ ռազմական մի քանի հակասություններ են առաջ եկել, ու բոլորի դեպքում էլ Թուրքիան է եղել պարտվողի դերում։ Նույն թշնամանքն է եղել Սառը պատերազմի տարիներին։ Եվ թուրքերը երբեք չեն դրել տարբերություն Ռուսական կայսրության ու Խորհրդային Միության միջեւ։ Ռուսաստանը Ռուասաստան է նրանց համար։ Այսօր էլ, Թուրքիայի դպրոցներում աշակերտներին սովորեցնում են, որ իրենց երկիրը շրջապատված է թշնամիներով։ Ու այդ թշնամիներն են հույները, ռուսները, իրանցիները, հայերը։

Թուրքիայի սահմանի մոտ ռազմական իր ներկայությանը զարկ տալու նպատակով Հայաստանի տարածքում նորագույն ռազմաօդանավեր ու կործանիչներ տեղակայելու Մոսկվայի վերջին քայլն է՛լ ավելի է խորացնելու Թուրքիայի կաշկանդվածությունը, մի բան, ինչի մասին Մոսկվան լավ գիտի։ Եվ այն, որ Թուրքիան հարավային իր բոլոր հարեւանների հետ էլ ունի լարված հարաբերություններ, կամ ընդհանրապես չունի դիվանագիտական հարաբերություններ, պատմական անապահովության զգացումը շարունակելու է պատել այս երկրին ու պատել ավելի ու ասելի խորը։ 

Այս նյութը դիտել են - 1312 անգամ