Թերեւս, սա անակնկալ է եղել շատերի համար, քանզի Հայաստանի հանրության շրջանում գերիշխող քրեականացված մտածողությունն ու արժեհամակարգը, որը հիմնված է կեղծ արժանապատվության ու պատկերացումների վրա, թույլ չի տալիս խոսել այդ ամենի մասին: Գասպարին թերեւս այս առումով առաջինն է, ով բարձրաձայնել է այն, ինչի մասին բոլորը գիտեն:
Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչությունը հանդես է եկել պարզաբանմամբ ու «սուխոյ ատկազ» կանգնել այն ամենից, ինչ պատմել է Գասպարին: Իսկ նա ասել էր, որ կալանավորները գործում են հսկիչների ու պետերի ցուցումներով, որի դիմաց ստանում են որոշակի «արտոնություններ»: Այսինքն, բաց տեքստով մեղադրել է ղեկավարությանը:
Վրաստանում տարիներ առաջ բանտային սկանդալը հանգեցրեց իշխանափոխության եւ Սաակաշվիլիի իշխանության ավարտին: Սա նուրբ ոլորտ է, հատկապես հետխորհրդային տարածքում, որը տասնամյակներ շարունակ ապրել է փաստացի բանտային հոգեբանությամբ: Խորհրդային Միությունը մի մեծ «զոն» էր, որտեղ տիրում էին արդարության, օրինականության եւ այլնի յուրահատուկ պատկերացումներ: Իշխանությունը խրախուսում էր այդ հանգամանքը, հանրային պոտենցիալ բողոքն ու անարդարության զգացումներն այդ ճանապարհով շեղելու եւ այլ ուղղությամբ տանելու համար:
Իրականում, քրեական աշխարհը գտնվում էր իշխանության լիակատար վերահսկողության տակ, որն իր հերթին վերահսկում էր հանրային կյանքը: Ստեղծվել էր «արդարության», «ճշտի» վրա հենված մի արժեհամակարգ, որը հնարավորություն էր տալիս լայն շերտերին հեռու պահել քաղաքականացումից:
Վրաստանում Սաակաշվիլին գրեթե արմատախիլ արեց քրեականացված մտածողությունը հանրային զգալի շերտերից, բայց նրա ձեռքը չհասավ բանտերին, ինչն էլ հմտորեն օգտագործեցին նրա քաղաքական հակառակորդները: Հայաստանում, սակայն, տեղի ունեցավ հակառակ երեւույթը՝ քրեական աշխարհը սերտաճեց պետական համակարգին: Հանրության շրջանում բարձրագույն հեղինակությունը շարունակում են մնալ գողերը եւ նրանց արժեհամակարգը:
Գասպարին խոշոր հաշվով բացահայտել է այս երեւույթը, ցույց տալով քրեական աշխարհի՝ իշխանության կամակատարը լինելու եւ նրան սերտաճած լինելու հանգամանքը: Ընդ որում, գողական հիերարխիայի տարբեր մակարդակներում:
Ի՞նչ հետեւանք կունենա այս բացահայտումը, որը խոշոր հաշվով նաեւ բարեփոխումների մասին դատարկախոսության բացահայտումն է:
Վարդգես Գասպարիի հետ կատարվածը, սակայն, ունի խորքային այլ շերտեր եւս, որոնք առնչվելու են անմիջապես Հայաստանի հանդեպ վերաբերմունքին: Բանն այն է, որ պետական կառույցներն ըստ էության կառավարվում են «ճշտով» ու պատկերացումներով, դրանք դարձել են հարաբերությունների հիմքը: Գասպարին մերկացրել է այս հանգամանքը եւ իշխանությանը դրել բարդ կացության առջեւ՝ արտաքին գործընկերներին բարեփոխումների մեջ համոզելու հարցում: Իսկ հայտնի է, որ հենց դրանով է պայմանավորված արտաքին օժանդակությունը Հայաստանին, երկիրն աղետից զերծ պահելու համար:
Կլինե՞ն արդյոք հրաժարականներ, ի՞նչ փոփոխությունների կենթարկվի պետական կառավարման համակարգը: