«168 Ժամի» (168.am) զրուցակիցն է նախկինում «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ, «Կալիֆորնիա Կուրիեր» պարբերականի հրատարակիչ Հարութ Սասունյանը: Նա պարզաբանումներ է ներկայացնում ամերիկահայ բարեգործ Քըրք Քըրքորյանի կտակի, իշխանությունների հետ նրա փոխհարաբերությունների, «Լինսի» հիմնադրամի գործունեության շուրջ ծավալված ասեկոսեների շուրջ, ինչպես նաև անդրադառնում է Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին, հայաստանյան քաղաքական և տնտեսական խնդիրներին: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հերոս, ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը 98 տարեկան հասակում մահացել էր 2015թ. հունիսին: Մամուլի հրապարակումների համաձայն՝ ԱՄՆ-ում գաղտնիության պայմաններում բացվել էր Քըրքորյանի կտակը, որով բարերարը հանձնարարել է վաճառել իր ողջ ունեցվածքն ու գումարներն ուղղել բարեգործությանը: Կտակի համաձայն՝ այդ գումարով պետք է ֆինանսավորվեն բոլոր այն ծրագրերը, որոնք գործել են Քըրքորյանի կենդանության օրոք: Ք. Քըրքորյանն իր հիմնադրած «Լինսի» հիմնադրամը փակեց 2011թ.: 2000-ական թվականների սկզբին ճանապարհաշինարարության, դպրոցների ու մշակութային տների վերանորոգման համար Հայաստանին 200 միլիոն դոլար էր հատկացրել: Մինչ այդ, սակայն, բարերարը, ըստ տեղեկությունների, 45 միլիոն դոլար էլ հատկացրել էր աղետի գոտու բնակարանաշինության համար:
– Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի կտակի շուրջ տարբեր ասեկոսեներ են պտտվում, մասնավորապես, որ նա 200 մլն դոլար է կտակել Հայաստանին և պայման դրել, որ այդ գումարի հետ ՀՀ իշխանությունները պետք է որևէ առնչություն չունենան: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք այդ մասին, ճի՞շտ են:
– Այդ բոլորը կեղծիք է, ոչ մի նման նշում չկա Քըրքորյանի կտակի մեջ, մարդիկ պարզապես երևակայական խոսքեր են ասում, հնարում են, որը շատ ցավալի է ինձ համար: Այդ մարդիկ երբեք կտակը չեն տեսել և «հավաստի աղբյուրներ» են նշում, բայց եթե հավաստի լիներ, կտակը կտեսնեին և այդպիսի սուտ բաներ չէին ասի: Կտակի մեջ ոչ «իշխանություն» բառը կա, ոչ Հայաստան, ոչ տվեք կամ մի տվեք արտահայտությունը… լրիվ կեղծիք է: Քըրքորյանը իր կյանքում երբեք չի զբաղվել մանրամասներով, ինքը միշտ տվել է ընդհանուր ուղղություն և իր աշխատողները, օգնականներն են գործադրում իր կտակը: Նա կտակել է, որ իր ամբողջ հարստությունը տալու է բարեսիրությանը՝ առանց մանրամասնելու, թե ո՞ր կազմակերպություններին, որտե՞ղ, հայկակա՞ն, թե՞ օտար կազմակերպություններին: Կտակին պատասխանատու կա, որը մոտ 50 տարի նրա հետ աշխատել է և շատ լավ է իմանում Քըրքորյանի մոտեցումները, նախասիրությունները և պարոն Քըրքորյանն իր ամբողջ կյանքի ընթացքում գումարներ է նվիրաբերել թե´ հայկական և թե´ օտարազգի ծրագրերի, և ես կասկած չունեմ, որ մահից հետո էլ իր փափագը նույնն է, որ իր հարստությունը գնա հայկական և ոչ հայկական բարեսիրական ծրագրերի: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «168.am»-ի կայքում