ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ՏԵՐ ԱՐՏԱԿ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ... 2016-03-02 09:36:00
Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում նշվեց Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանի ծննդյան 65 եւ ձեռնադրման 40-ամյակը: Միջոցառումը կազմակերպվել էր Արմավիրի թեմի եւ Էջմիածնի քաղաքապետարանի համատեղ ջանքերով: Տեր Արտակ ավագ քահանան կյանքը նվիրել եւ գործունեություն է ծավալել ի նպաստ հայ ժողովրդի եւ հայ եկեղեցուն: Միջոցառման ընթացում ներկայացվեց Տեր Արտակի կենսագրությունը: Կյանքի որոշ դրվագներ ներկաներին պատմեց նաեւ Տեր Արտակը:
Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը 2009 թվականից ծառայում է Էջմիածնի սբ. Աստվածածին եկեղեցում: Տեր Արտակը մշտապես ներկա է նաեւ քաղաքապետարանի կազամակերպած միջոցառումներին, որոնք պարտադիր սկսվում են նրա օրհնանքի խոսքով:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շնորհավորեց Տեր Արտակին եւ հայտնեց, որ քաղաքային ավագանու որոշմամբ Տեր Արտակին շնորհվել է Էջմիածին քաղաքի բարեկամի կոչում: Երկրապահ Կամավորականների Միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից քաղաքապետը Տեր Արտակին նաեւ «ԵԿՄ 20 տարի» հուշամեդալ փոխանցեց :
Միջոցառման ընթացքում շնորհավորանքներ եւ շնորհակալական խոսքեր հնչեցրին Տեր Արտակի ընկերներն ու մտերիմները: Շնորհավորանիքի խոսք ասաց նաեւ Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն սրբազանը, ով աշակերտել է Տեր Արտակ ավագ քահանային: Մեծ հուզմունքով եւ ավելի մեծ պատասխանատվությամբ լցված սրտի եւ շնորհակալական խոսքն ասաց Տեր Արտակը:
Միջոցառման պաշտոնական հատվածին հաջորդեց համերգային մասը. գեղեցիկ ելույթներով ցերեկույթն ամբողջացրին Էջմիածնի երկու երաժշտականների շնորհալի սաները: