Օսկան Քոչարյան
Փոփոխությունների ալիքը կարծես թե հիմավորապես մտել է մեր կյանք և ցնցում է իշխանական աթոռները տագնապալի աղմուկով: Չկա մի օր, որ չլսենք կադրային փոփոխությունների մասին և չլինեն նոր կանխատեսումներ հերթական «թռիչքների» առնչությամբ: Սակայն ներկա պահին ամենադժվարին խնդիրն այդ տեղաշարժերի բուն իմաստը հասկանալու և ընդհանուր պատկերը գոնե մոտավոր երանգներով պատկերացնելու կարողությունն է:
Եթե այդ ամենն արվում է համակարգն առողջացնելու նպատակով, այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, թե բժիշկն ինչո՞ւ է հիվանդ մանրէները հեռացնելու փոխարեն դրանք մարմնի մի հատվածից մյուսը տեղափոխում:
Օրինակ, արդեն տևական ժամանակ է, որ խոսակցություններ են շրջանառվում, թե ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը: Այն, որ սահմանադրական փոփոխություններից հետո Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ՝ բոլորովին այլ գործառույթներով, դա պարզ է:
Պարզ է նաև, որ Զաքարյանն արդեն սպառել է իրեն այդ դիրքում և կառույցը նոր դեմքերի պահանջ ունի: Եթե սրան էլ հավելենք այն, որ վերջինս չի վայելում քաղաքացիների համակրանքը, ապա Իշխան Զաքարյանին պատվավոր աքսորի ուղարկելը կարող է տրամաբանված քայլ դիտվել:
Սակայն այս օրինակի կողքին անմիջապեռս հայտնվում է ճիշտ հակառակ պատկերը, որը (եթե հաստատվի դրա հավաստիությունը) ամենամեծ անակնկալներից մեկը կարող է լինել: Արդեն տեղեկություններ կան այն մասին, որ կարող է Միացյալ Նահանգներից Հայաստան վերադառնալ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Ասում են, որ ցանկություն կա նրան նշանակել Վաչե Գաբրիելյանի փոխարեն՝ վստահել տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարի պաշտոնը:
Գևորգյանը՝ երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրն ու նվիրյալը, որ մեկուկես տարի առաջ անսպասելիորեն հրաժարական տվեց ու որոշ ժամանակ անց մեկնեց ԱՄՆ, հանկարծ հասկացավ, որ այնտեղ փող սարքելն ահավոր բարդ է և վերհիշել է սիրասուն հայրենիքը, քանի որ կրկին վրա է հասել այն պահը,, երբ երկիրը նրան պիտի տա, այլ ոչ թե ինքը՝ երկրին: Եվ ահա այսօրինակ հեռացումների ու վերադարձերի մասին է, որ չես կարող չասել. «Մի աղետը գնում է, մեկ այլ աղետ է գալիս»:
Այս նյութը դիտել են - 1499 անգամ