Վլադիմիր Գասպարյանի անվան թատրոնի դերասանները . Մհեր Արշակյան.
2016-03-02 14:49:00
Ոստիկանները հրահանգով հարգում են մարտի 1-ի զոհերի հիշատակը: Ողբամ ձեզ վրա: 

Էդ ծաղիկները զոհերի գերեզմաններին դրեք ու գնացեք գրեք ձեր ցուցմունքները, թե ինչպես եւ ինչու կրակեցիք:

Որովհետեւ Գասպարյան Վլադիմիրի հրահանգով հիշատակ հարգելը նույնն է, ինչ նույն հրահանգով կրակելը: Չէ՞ որ երկու դեպքում էլ դուք չեք քննարկում հրամանը:

Զոհերին ի՞նչ ձեր հարգանքը:

Ու՞ր է Վլադիմիր Գասպարյանի մեղայականը: 

Օսիպովն ի՞նչ գործ ունի հիշատակի արարողության վայրում:

Եթե նա պարզապես «կարգ» պահպաներ, ո՞վ էր նրան բան ասելու: Եվ մի կարծեք, թե ձեզանով պղծեցիք էդ օրը:

Թուրքերն էլ են գալիս Ծիծեռնակաբերդ:

Թալեաթն էլ է մեղայականներ ասել 1915 թվականի մասին:

Բայց նա ասել է, նա պատճառաբանել է, նա Բեռլինում Մարդ էր փնտրում կրծքին լացելու: Ի դեպ, հասցրեց: Ու՞մ կրծքին է Րաֆֆի Հովհաննիսյանի աղոթակիցը:

Ընդամենը մի քանի օր առաջ կազմակերպեցիք Վարդգես Գասպարիի ջարդն ու նվաստացումը կալանավայրում: Քանի՞ այդպիսի նվաստացումների մասին մենք ոչինչ չենք լսում: Երեկ կալանավայրում խցակիցների աչքի առաջ կալանավոր է ինքնասպան եղել: Սա ես հասկանում եմ: Չեմ հասկանում, թե ի՞նչ ցինիզմով են պագոնավոր Օսիկյանի ենթակաները խցակիցներին ստիպել գրել, թե ինչպես չհասցրեցին կանխել 12 քմ տարածքում նախապատրաստվող եւ իրականացվող ինքնասպանությունը: Էսպիսի բաների համար պատասխան տվեք:


Ծաղիկն ի՞նչ է: Դրանով ես էլ կարող եմ Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռքերը ոլորող Գրիգորի Սարգսյանի (ողորմի նրա հիշատակը) գերեզմանին այցելել եւ չեմ սխալվի: Եվ, ի տարբերություն ձեզ, չեմ ծաղրի նրա հիշատակը: Ամենակարեւորը, դա կլինի իմ քայլը, առանց հրահանգի: Կարող եմ: Բայց չեմ անի: Որովհետեւ մահն այնուամենայնիվ մեռնողի միակ արժանիքը չէ:

Մահն ընդհանրապես արժանիք չէ: Ինչպես ծնունդը: Չի կարելի կյանքից հեռանալ ինձ, ոչ քեզ վերաբերող հարցերով: Եթե հեռանում ես, հեռանում ես նաեւ ինձանից, ոչ քեզանից: Հեռանում ես այնպես, ասես վերջնականապես խաչ ես քաշում ինձ վերաբերող հանցանքների բացահայտման վրա: Դու վերջնականապես դառնում ես դրանց պարտակման միակ «սեփականատերը»: Բայց Սերժ Սարգսյանը կա, կան Վլադիմիր Գասպարյանը, Միքայել Հարությունյանը, Գորիկ Հակոբյանը: Ծաղիկն ի՞նչ է, որ այս մարդիկ էլ չվերցնեն ու գնան Մյասնիկյանի հրապարակ: Շեքսպիրի Համլետն ինչպե՞ս էր ասում՝ «դա ես էլ կանեմ»:

Եթե եկեղեցիներն էլ լցվեք ու խոստովանվեք, դա էլ ձեզ չի փրկի: Որովհետեւ եկեղեցին պետությունը չէ: Եկեղեցին պատմության դասագիրք չէ, որը տալու եմ իմ երեխայի ձեռքը եւ ասեմ՝ սովորիր, թե ովքեր եւ ինչու են կրակել քո հայրերի կամ պապերի վրա: Էլ չեմ հարցնում, թե հոգեւորականն ի՞նչ իշխանությամբ է խոստովանեցնում: Եվ ինչո՞վ է նա պետական գործառույթներով օժտված քննիչից լավ խոստովանեցնող:

Ուրեմն, ու՞ր են ձեր խոստովանությունները: Կարո՞ղ է մյուս տարի էլ բանակն ու ԱԱԾ-ն մի-մի մեխակ բռնած գնան Մյասնիկյանի արձանի մոտ: Տղերք, բան չասի, դուք ձեզ գուցե կեղեքող հանցնանքների զոհերն եք: Կարող եք գնալ ու դնել ձեր ծաղիկները:

Բայց դուք Թուրքիայի պետական արխիվի աշխատողներ չեք, որոնք գիտեն ամբողջ ճշմարտությունը հայերի ցեղասպանության մասին, բայց անձամբ պատասխանատու չեն դրա համար: Ձեր ղեկավարը մարտի 1-ն իրականացնողներից մեկն է: Ու ձեր ղեկավարը դերասան է: Դերասան հավատացյալ: Նրան մարտի 1-ի զոհերը բացարձակապես հետաքրքիր չեն: Մարդիկ դերասանորեն չեն մեռել:
Քո հարգանքը պետք է մահվան հանդեպ ցավին համարժեք լինի: Հիշատակը մահին բավականին հետո հաջորդող զգացում է: Հիշատակը կարող են հարգել մարդիկ, որոնք զոհերին ոչ միայն չեն իմացել, այլեւ ժամանակակից չեն: Դուք նրանց մահվան մասնակիցներն եք ու դեռ խաղու՞մ եք:

Դուք մարդասպանների ձեռքը բռնողն էիք, չեք բռնել, դուք կատարված սպանության հետեւից գնացողներն էիք, չեք գնացել:
Դուք դարձել եք մարդասպանը ու հիշատակի հանդեպ հարգա՞նք եք խաղում: Տղերք, գուցե գամ ձեզ մոտ ու միանգամից «խոստովանե՞մ», որ էն նարկոտիկի ազդեցության տակ եմ, որը դեռ չեք գցել իմ գրպանը ու արդարությունը վերականգնելու համար խնդրեմ՝ գցե՞ք: Հը՞: Դա ավելի «վլադիմիրգասպարյանավարի» չէ՞ր լինի: Թե՞ կարծում եք, որ ոչ ոք ձեր երեսին մարդասպան չի բղավում, ոչ ոք Օսիպյանի դրած ծաղիկը երեսին չի շպրտում կամ էդ բոլոր ծաղիկները չի բերում դնում ոստիկանության դեմը որպես «Հուդայի վերցրած արծաթ», ինդուլգենցիա ունեք:

Չէ: Մի Սերժ Սարգսյան է ձեր «անմեղության» երաշխավորը, ձեր ինդուլգենցիա բաժանող «Վատիկանը»: Դուք էլ, ախր, նրա զոհերն եք: Առանց սա հասկանալու, ծաղիկները ձեր ձեռքին մոխիր են: Ծաղիկները ցուցմունքներ չեն, թաքուն խոստովամնություն էլ չեն, որովհետեւ դեկորացիա են: Երբ որ կսովորեք զոհին մարտի 1-ի գլխավոր հանցագործից՝ Սերժ Սարգսյանից զատել, այն ժամանակ, խնդրեմ, ծաղիկները:

www.ilur.am
Այս նյութը դիտել են - 1418 անգամ