Գասպարիի փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի՞...2016-03-02 19:32:00
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել փաստաբանների պալատ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի փաստաբաների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Տիգրան Եգորյանը, որը Դավիթ Գյուրջյանի հետ փետրվարի 29-ին բոյկոտել էին առանց իրենց պաշտպանյալի անցկացվող դատական նիստը:
Տիգրան Եգորյանի կարծում է, որ առանց դատավորի թույլտվության նիստերի դահլիճը լքելն անհարգալից վերաբերմունք է ոչ թե դատարանի, այլ հենց իր պաշտպանյալի նկատմամբ:
«Պաշտպանների լիազորությունները կախված է անձի՝ դատական պրոցեսների մասնակցությունից: Առանց ամբաստանյալի նրա նկատմամբ արդար դատաքննության սկզբունքի խախտում է, իսկ փաստաբանները չեն կարող օրինականացնել այդ իրավունքների խախտումը: Մեկ էլ Ուզբեկստանում է այդպես, երբ ամբաստանյալին դահլիճից հեռացնում են, եւ դատապարտում խիստ պատժի»,-նշեց փաստաբանը:
Տիգրան Եգորյանի խոսքով՝ փաստաբանի պալատը համապատասխան ընթացակարգով կքննի իրենց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը, ապա որոշում կկայացնի, սակայն, իր եւ իր գործընկերոջ՝ դահլիճը լքելը խախտում, այնուամենայնիվ, չհամարեց:
«Ես դա խախտում չեմ համարում: Համանման պրակտիկա կա: Դա բնական քայլ էր, պրոբլեմ կլիներ, երբ ես առանց իմ վստահորդի իրականացնեի նրա պաշտպանությունը»,-ասաց նա:
Նշենք, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի փաստաբաններ Տիգրան Եգորյանը եւ Դավիթ Գյուրջյանը փետրվարի 29-ին բոյկոտեցել էին Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստը: Փաստաբանները լքեցել էին նիստերի դահլիճը, այն բանից հետո, երբ նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ դատաքննությունը կշարունակվի 6 ժամով նիստերի դահլիճից հեռացված Գասպարիի բացակայության պայմաններում:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է, ապա փետրվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` ազատ է արձակվել:
Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:
news.am
Այս նյութը դիտել են - 1411 անգամ