Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն արդեն մեկնարկել է
2015-12-06 08:00:00

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը Հայաստանի ամբողջ տարածքում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ 8։00-ից սկսած բացվել են 41 ընտրատարածքների շուրջ 1997 ընտրատեղամասերը, որտեղ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացին «Այո» կամ «Ոչ» կասի ՀՀ սահմանադրության նոր նախագծին:

Հայաստանի նորանկախ պատմության մեջ սահմանադրական փոփոխությունների երրորդ հանրաքվեն կշարունակվի մինչեւ 20:00-ն, որից հետո կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը:

Ոստիկանությունը նախօրեին հրապարակել է Հայաստանում ընտրելու իրավունք ունեցողների պաշտոնական թիվը՝ 2 մլն 550 հազար 323 ՀՀ քաղաքացի: Հայաստանի ԿԸՀ-ն երեք ժամը մեկ ներկայացնելու է այդ պահի դրությամբ քվեարկությանը մասնակցածների թիվը։

Համաձայն օրենսդրության` հանրապետությունում ընտրությունների օրը համարվում է ոչ աշխատանքային:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկելու են 18 տեղական եւ չորս միջազգային կազմակերպություններ, մասնավորապես, ԱՊՀ դիտորդական առաքելությունը (44 դիտորդ), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը (23 դիտորդ), ԵԽԽՎ-ն (11 դիտորդ), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (5 դիտորդ)։ 33 դիտորդներ կլինեն օտարերկրյա ԿԸՀ-ների կողմից, և 7 դիտորդ՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանություններից։

Այս նյութը դիտել են - 1624 անգամ