Ինչ կապ ունի ԿԳ նախարարը «Ինտեր լոտո» վիճակախաղերով զբաղվող ՍՊԸ-ի հետ
2016-03-04 09:10:00

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինտեր լոտո» ՍՊԸ-ն, որին է պատկանում Հայաստանում ներկայումս վաճառվող բազմատեսակ լոտոների մեծ մասը, պատրաստվում է եւս մեկ վիճակախաղ սկսել: Հայաստանի քաղաքացիներին խաղամոլ դարձնելու տարիների պատմության մեջ մի ուշագրավ կողմ կա, մինչ այժմ բազմաթիվ ընկերություններ են վիճակախաղի բիզնեսով զբաղվել, բայց որոշ ժամանակ անց փակվել են: Իսկ «Ինտեր լոտո» ՍՊԸ-ն շարունակում է վիճակախաղերի ցանկն ընդլայնել:

Քաղաքական շրջանակներն այս երեւույթը բացատրում են նրանով, որ այդ ընկերությունը կապված է մի քանի օր առաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարար նշանակված Լեւոն Մկրտչյանի ընտանիքի հետ: «Ժողովուրդ»-ը նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանից փորձեց պարզել, թե վերը նշված ընկերության հետ ինչ կապ ունեն նախարարը եւ նրա եղբայրը՝ Վահագն Մկրտչյանը: Ի պատասխան՝ նա ասաց. «Կրթության եւ գիտության նախարարը ոչ մի առնչություն չունի այդ ընկերության եւ բիզնեսի հետ: Իսկ Վահագն Մկրտչյանը, ինչպես գիտեք, հատնի գործարար է»: Ի դեպ, «Արմենիա» գինու գործարանն էլ է նույն Մկրտչյանի հետ կապվում»:

Այս նյութը դիտել են - 1373 անգամ