Գեղեցիկ խոսել շատերն են կարողանում. Իմաստուն խոսել՝ քչերը. Ազնիվ խոսել՝ եզակիները...
2016-03-04 09:21:00


Վհուկների բուծարանում կարանտին է

Օսկան Քոչարյան


Մի քանի բարձրաստիճան ոստիկանների կոտորածն իրականացնելուց հետո նրանց վերադաս Վովա Գասպարյանը նոր նշանակումներ կատարեց և այդ առիթով մի ընդարձակ ելույթ ունեցավ, որի հիմնական գաղափարն այն էր, թե «Կրիմինալ սիրող ոստիկանները վհուկներ են` մտած մեր համազգեստի մեջ» և ինքն այսուհետ ևս պայքարելու է նույն ոգով, քանի որ «իր համառությունը՝ ոստիկանությունը բարեփոխելու, սահման չունի»:


Գեղեցիկ խոսել շատերն են կարողանում: Իմաստուն խոսել՝ քչերը: Ազնիվ խոսել՝ եզակիները: Թե Վովա Գասպարյանը թվարկվածներից որ խմբում է դասվում, դա ընտրության հարց է: Իսկ ահա համազգեստավոր վհուկների մասին արժե առանձին խոսել:


Նախ, որտեղի՞ց են գալիս այդ վհուկները: Դրսից արդեն վհուկ դարձած գալիս են իրավապահ համակա՞րգ, թե՞ գալիս ու ներսում են վերածվում վհուկների: Եթե դրսից են գալիս, ապա ամենատես ու խորաթափանց ոստիկանապետը պարտավոր էր դա նկատել: Եթե ներսում են դառնում վհուկ, ապա էլ ո՞ւմ է մեղադրում Վովա Գասպարյանը, որի անմիջական պարտականությունն է դա թույլ չտալ և պատասխանատվություն կրել վհուկների ներքին բուծարանի արտադրողականության համար:


Հիմա դառնանք պայքարի միջոցներին: Իր նույն ելույթում Գասպարյանը հայտարարել է, թե ընթացքի մեջ է համակարգի բարեփոխման երկրորդ փուլը և այդ համատեքստում կարևորել է կադրերի ընտրության, մասնագիտական ու մարդկային որակների օբյեկտիվ գնահատման խնդիրը:


Այն, թե ինչ արագությամբ ու առատությամբ է Վովա Գասպարյանը ազատում ու նշանակում իր կադրերին, վկայությունն է ոչ թե հետևողականության, այլ այն բանի, որ ոստիկանապետը տվայտանքների մեջ է, իսկ համակարգն` անառողջ: Հայտնի են դեպքեր, երբ նա միևնույն մարդուն նույն օրը ազատել ու կրկին նշանակել է նույն պաշտոնին, իսկ սա արդեն ոչ մի կերպ չես անվանի ոստիկանության առողջացմանն ուղղված գործընթաց: Իրականում սա ավելի է կազմաքանդում և որակազրկում համակարգը, քանզի նոր աշխատանքի անցնող ցանկացած աշխատակից կամա թե ակամա պիտի մտածի, որ ինքն այդ տեղում ժամանակավոր է, ամեն րոպե կարող է վրա հասնել Գասպարյանի բռնկման պահը: Այդ իսկ պատճառով էլ հազիվ թե որևէ մեկը սրտանց ու նվիրումով ձեռնամուխ լինի այն աշխատանքին, որտեղ նա ընդամենը անցորդ է: Փոխարենը մեծանում է հավանականությունն այն կերպարանափոխության, որին ոստիկանապետն անվանում է վհուկների մուտք համազգեստի մեջ:


Իսկ ի՞նչ է պետք անել: Ինչ էլ որ անեն, պետք է գիտակցել, որ անհնար է ոստիկանությունը լիովին խելքի բերել, եթե անգամ Վովա Գասպարյանը հարյուրապատիկ բազմապատկի իր ջանքերը: Քանի որ ոստիկանությունը, ինչպեսև եկեղեցին, հասարակության անբաժան մաս է, իսկ անառողջ հասարակության մասերը երբեք առանձին չեն առողջանա: Այդ պատճառով էլ Գասպարյանի ջանքերը հիմնականում կլինեն ապարդյուն, ոստիկանությունն էլ կմնա Հայաստանի հասարակության հայելային արտացոլում:



shame.am

Այս նյութը դիտել են - 1265 անգամ