Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Պարզվում է, որ 2015 թվականին նա ընդամենը հայտարարագրել է 250 մլն դրամ, 50 հազար դոլար ու 50 հազար եվրո դրամական միջոց: Որպես եկամտի աղբյուր՝ Տարոն Մարգարյանը հայտարարագրել է աշխատավարձը, որը տարեկան կազմել է 5 մլն 254 հազար դրամ: Շարժական և անշարժ գույքի մասին որևէ տեղեկություն հայտարարագրում ներառված չէ, այլ եկամտի աղբյուրներ ևս նշված չեն:
Ի դեպ, 2014 թվականի վերջին ևս Տարոն Մարգարյանը հայտարարագրել էր 250 մլն դրամ, 50 հազար դոլար ու 50 հազար եվրո դրամական միջոց: Եվ եթե տարվա ընթացքում նրա եկամուտը գոյացել է միայն աշխատավարձից, ինչպես հայտարարագրում է նշված, ստացվում է, որ մեկ տարի Երևանի քաղաքապետը միայն աշխատավարձով է ապրել:
Տարոն Մարգարյանի կինը՝ Գոհար Սարգսյանը միայն 50 մլն դրամ է հայտարարագրել: Մի քանի տարի անընդմեջ նրա կինը հենց նույնչափ գումար է հայտարարագրել:
Նշենք, որ Տարոն Մարգարյանի հսկայական ունեցվածքի մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան: Իսկ 2012 թվականի Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել մի հայտարարագիր, որի հիման վրա ՀԱԿ-ը նրա ունեցվածքի օրինականության հարցով դիմում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: ՀԱԿ-ը հիմք էր ընդունել 2005, 2007 և 2013 թվականերին Տարոն Մարգարյանի՝ ԿԸՀ ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերը, ըստ որոնց՝ նրա կարողությունը 2005-ից ի վեր աճել է միլիոններով:
Մասնավորապես, 2005-ին Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանի մեկ տարվա եկամուտը կազմել էր մոտ 7 միլիոն դրամ, իսկ 2013-ին արդեն նա հայտարարագրել է մի ունեցվածք, որն ընդդիմությունը գնահատում էր 6-10 միլիոն դոլար: Խոսքը միանձնյա և ընդհանուր սեփականություն հանդիսացող 7 շենք ու շինության, հողին ամրակցված 3 անշարժ գույքի, հողամասի, 115 միլիոն դրամի, 50 հազար դոլարի և 50 հազար եվրոյի մասին էր:
ՀՔԾ-ն այս գործին ընթացք չտվեց, իսկ Տարոն Մարգարյանն այդպես էլ հանրությանը չբացատրեց, թե իրեն որտեղից այդքան կարողություն: