«Մեղր ծախողը իր մատն էլ պիտի լիզի». ՊԵԿ նորանշանակ պետի անցյալն ու տարիների դիզած հարստությունը ...
2016-03-04 19:49:00

Ինչպես «Ժողովուրդ»-ը գրել էր, Սերժ Սարգսյանը Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) կրկին առանձնացրեց ֆինանսների նախարարությունից եւ ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակեց իր վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին: 

Այսպիսով՝ նա ՊԵԿ-ն ամբողջությամբ վերցրեց ուղիղ իր տրամադրության տակ:


Իր ձեռքը վերցրեց

Նկատենք, որ երբ ՀՀ ֆինանսների նախարարության կազմի մեջ մտավ ՊԵԿ-ը, սուպերնախարար նշանակված Գագիկ Խաչատրյանն իր բոլոր վստահելի մարդկանց տեղափոխեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ՝ իրեն առավել մոտ, որպեսզի անկաշկանդ աշխատի: Նա ՊԵԿ-ը փաստացի «հեռվից էր» կառավարում:

Սակայն հիմա, երբ ՊԵԿ-ը կրկին ՖՆ-ից առանձնացավ, փաստացի նրա վստահելի կադրերը հիմնականում մնացին ՖՆ-ում, իսկ ՊԵԿ-ը մնաց մի տեսակ «անտեր», որտեղ արդեն իր դիրքերը կամրացնի Հովհաննես Հովսեփյանը, որն այնքան էլ լավ անցյալ չունի: Միայն հայտնի է, որ Իջեւանում ծնված Հովսեփյանը ենթարկվող տեսակ է: Ու թերեւս այդ որակն է նրան օգնել ներկա ռեժիմի պայմաններում հասնել նախագահի վերահսկողության ղեկավարի պաշտոնին:

Եվ մինչ նրա կենսագրական տվյալներին անդրադառնալը, նշենք, որ Հովսեփյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադրն էր համարվում երկար տարիներ, ավելին՝ վարչապետի եղբոր` Ջոնիկի մտերիմ ընկերն է: Հովսեփյանին կառավարման համակարգ է մտցրել հենց Աբրահամյանը, նշանակել տվել տարածքային կառավարման նախարարի խորհրդական, հետո էլ անսալով Արմեն Գեւորգյանի խնդրանքներին` աջակցել փոխնախարար նշանակվելու գործում: Բայց տարիների ընթացքում հաջողացրել է ժեստիկուլացիայի ակտիվ դրսեւորումների արդյունքում տեղավորվել Սերժ Սարգսյանի շրջապատում:


Աշխատասեր մեղուն

Նշենք, որ ի սկզբանե Հովսեփյանը չափազանց աշխատասեր է եղել, աշխատանքին այնքան նվիրված, որ դպրոցում սովորելուն զուգընթաց` 15 տարեկան հասակում աշխատանքի է անցել Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայում, ուր եղել է խառատի աշակերտ, ապա առաջին կարգի խառատ: Հետո էլ երկու տարի աշխատել է կարի արտադրական միավորման «Տաթեւիկ» կոոպերատիվում: Հիշենք, որ սրանք 1988-1990 թվականներն էին, երբ երկրաշարժից հետո Վանաձորը գրեթե կաթվածահար էր, չէր աշխատում ձեռնարկությունների մոտ 97 տոկոսը (սա պաշտոնական տվյալ է), իսկ, ահա, 15-17 տարեկան պատանին աշխատել է, ձեռք բերել խորհրդային տարիներին պարտադիր համարվող 2 տարվա աշխատանքային ստաժն ու դարձել Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող:

Զարմանալ կարելի է, որ հոգնեցնող աշխատանքին զուգընթաց` այս պատանին դպրոց է գնացել, պատրաստել դասերը, նաեւ պարապել` բուհ ընդունվելու համար: Մեծ դերասանապետ Ստանիսլավսկին կասեր` չեմ հավատում… Բայց համալսարանում, հավանաբար, հավատացել են:


Ախ, այդ ոգելից խմիչքը

1996 թվականին աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում` սկզբում զբաղեցնելով առաջին կարգի, ապա առաջատար մասնագետի պաշտոնները, հետո էլ նշանակվել պետաիրավական վարչության գլխավոր մասնագետի խորհրդատու: Հենց նույն ժամանակամիջոցում էլ ընդունվել է ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ակադեմիա, 2003-ին էլ դարձել նույն ակադեմիայի հայցորդ: 2003-ին պաշտպանել է թեկնածուական թեզ եւ ստացել իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Իր գիտելիքները ՀՀ կառավարման ակադեմիայի ունկնդիրներին մատուցելուն զուգահեռ` 2002-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնում: Ակնհայտ է, որ այստեղից արդեն նրա կենսագրության «ճարտարապետներից» մեկը դարձել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ով նախագահ Քոչարյանին շրջապատում էր «երիտասարդ ինտելեկտուալներով»:

Թե ինչն էր պատճառը, որ 4 տարի նախագահի աշխատակազմում աշխատելուց հետո՝ 2006-ին, Հովսեփյանը հեռացել է նախագահականից եւ մեկ տարի աշխատել որպես «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահ, չգիտենք, (տարբեր վարկածներ կան` ընդհուպ մինչեւ Արտաշես Թումանյանի ունեցած զզվանքը ոգելից խմիչքի նկատմամբ), բայց գիտենք մի բան, որ 2007-ին դարձել է Հանրապետական կուսակցության անդամ եւ նույն տարվա փետրվարի 27-ին նշանակվել ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական, իսկ 2007-ի դեկտեմբերի 27-ից նշանակվել տարածքային կառավարման նախարարի տեղակալ եւ այս պաշտոնում մնացել մինչեւ 2008-ի մայիսի 26-ը: Իհարկե, այս նշանակումն էլ սերտակցվում էր Արմեն Գեւորգյանի անվանը…


Տարիների դիզած հարստությունը 

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, պարզվում է, նախագահի աչքի առջեւ վերահսկողական գործառույթներ իրականացնելուն զուգահեռ սեփական հարստությունն է դիզել՝ այսպես հաստատելով հայտնի ասացվածքը. «Մեղր ծախողն իր մատն էլ պիտի լիզի»: Բայց Հովսեփյանը ոչ միայն մատն է լիզում, այլեւ ձեռքը մտցրած մեզ համար տակավին անհայտ մի տակառի մեջ՝ հարստանում ու հարստանում է՝ արհամարհելով այն բոլոր հրապարակումները, որոնք նվիրվել են հատկապես նրա եւ հարազատների անուններով բնակարաններ գնելուն: Թամարա Միքայելյան Հովհաննես Հովսեփյանի ունեցվածքի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով armlur.am
Այս նյութը դիտել են - 2386 անգամ