Խոսրով Հարությունյանի դեմ խաղ չկա...
2016-03-04 21:30:00

Նախագահ Սարգսյանի բարությունը վերջին շաբաթներին հասնում է գագաթնակետին: Քիչ էր մեզ, որ նա դաշնակներին երջանկացրեց, հիմա էլ նույն գործն անում է ոչ կուսակցական, մարդկային հարթությունում: 

Եվ այսօր նա ԱԳ փոխնախարար նշանակեց ոմն Ռոբերտ Հարությունյանի, որը հանրահայտ Խոսրով Հարությունյանի որդին է, թեպետ այս նշանակումը, բնականաբար, որևէ կապ չունի նոր փոխնախարարի ծագման հետ:

Ռոբերտ Հարությունյանը ծնվել է 1975թ., շատ արագ կարիերա է սարքել: Վերջին պաշտոնը եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար):
Պաշտոնը թողնելուց հետո այլ բան չէր մնում Հայաստանի ղեկավարությանը՝ ԱԳՆ ղեկավարի տեղակալի նոր հաստիքի ստեղծումից բացի, քանզի պարկեշտ չէր լինի Խոսրով Հարությունյանի տղային առանց պաշտոնի թողնելը: ԱԳՆ-ն կառավարությունից խնդրեց լրացուցիչ 7 մլն դրամ` նոր հաստիքի ֆինանսավորման համար, դրանից առաջ նախագահ Սարգսյանն ասել էր, որ երկրին անհրաժեշտ է այդ նոր հաստիքը, որպեսզի ներդրումներ բերի Հայաստան աշխարհ:

Եվ այսօր այս բազմաքայլ օպերացիան ավարտվեց: Բոլորը երջանիկ են. և՛ Հայաստանը, որ ունի նոր ԱԳ փոխնախարար, և՛ Հարությունյանների ընտանիքը, որ դաստիարակեց այնպիսի զավակ, որին պետությունը փոխնախարար նշանակեց, և՛ մենք բոլորս, որ այս հրաշալի առիթով կգրենք և կհիանանք:


Ինչ վերաբերում է ԱԳՆ փոխղեկավարի նոր հաստիքի անհրաժեշտությանը, ապա այդ մասին ամոթ է անգամ խոսել. երկրում կան էկոնոմիկայի, ֆինանսների նախարարություններ և այլ կառույցներ, որոնց առաքելությունը ներդրումներ ներգրավելն է, և ԱԳՆ-ի վրա այդ պարտականությունը դնելը ծիծաղելի է։

Հավանաբար, Խոսրով Հարությունյանին այնքան էլ վայել չի եղել, որ իր տղան աշխատի էկոնոմիկայի փոխնախարար, քանզի արտգործփոխնախարարն ավելի սոլիդ է հնչում, դրա համար էլ նախագահ Սարգսյանը հաստիք ավելացրեց հենց ԱԳՆ-ում, այլ ոչ թե այլ նախարարությունում։
Ա՛յս է ամենը։
 
shame.am
Այս նյութը դիտել են - 1510 անգամ