Հինգշաբթի օրը հանրապետականների ընտրական բանավեճի ժամանակ Թրամփի մրցակիցները հաջորդաբար մեղադրում էին նրան: Նյու Յորքի ձեռնարկատերը մեծ հավակնություններ ունի կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու դառնալու համար:
Նախագահի թեկնածու Մարքո Ռուբիոն անընդմեջ բանավեճի էր բռնվում Թրամփի հետ: Ռուբիոն Թրամփին ասում էր, թե նա Հիլլարի Քլինթոնի դեմ պայքարում հանրապետական կուսակցության ամենաթույլ թեկնածուն է և, որ պարտություն է կրելու: Թրամփն էլ իր հերթին ասում էր, թե ինքը նախնական քվեարկության արդյունքներով հաղթում է Հիլլարի Քլինթոնին:
Դետրոյթի հյուսիսում անցկացված բանավեճի ընթացքում նաև մի շարք անձնական վիրավորանքներ են հնչել, սակայն թերևս ամենից անհարմարը Թրամփի՝ իր սեռական կարողության գովաբանությունն էր:
Թրամփի խոսքերով,- «Ես նրան թեթև քաշի տեր եմ անվանել, այժմ ասածս հետ եմ վերցնում: Ռուբիոն այնքան էլ թեթևաքաշ չէ: Նա իմ ձեռքերի մասին է խոսել: Արդյո՞ք սրանք փոքր ձեռքեր են: Նա ակնարկել է, որ եթե ձեռքերս փոքր են, ապա մեկ ուրիշ բան էլ է փոքր: Հավատացնում եմ ձեզ, ես այդ առումով ոչ մի խնդիր չունեմ»:
Սենատոր Թեդ Քրուզը փորձում էր այդ երկխոսությունից դուրս մնալ: Սակայն նա էլ իր հերթին ծաղրել է Ամերիկան կրկին լավագույնը դարձնելու Թրամփի արտահայտությունը:
«Կարծում եմ ամերիկացիները չեն ուզում վիճաբանող դպրոցականների լսել: Նրանք լուծումների, այլ ոչ թե կարգախոսների կարիք ունեն: Հեշտ է ասել, թե պետք է ամեն ինչ կրկին լավագույնը դարձնել: Սակայն հարցն այն է, թե արդյո՞ք հասկանում ենք, թե ինչն էր Ամերիկան լավագույնը դարձնում»:
Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքն էլ ջանում էր հավատացնել, որ ինքն է հանրապետականների նախագահի լավագույն թեկնածուն:
«Ես կարող եմ հավաքել բավարար ձայներ, քանի որ միայն ես եմ ընտրապայքարի ընթացքում խոսել իրական խնդիրների մասին: Ես երբեք չեմ փորձել այսպիսի վիճաբանությունների մասնակից դառնալ: Ուր էլ որ գնում եմ, ինձ ասում են, թե ես բեմի վրա միակ չափահասն եմ»:
Մինչ հանրապետականների մի շարք օրենսդիրներ և առաջատար գործիչներ հրաժարվում են Թրամփին աջակցելուց, ոմանք էլ աստիճանաբար հավաքվում են նրա կողքին: Թրամփը հանրապետականների միակ թեկնածուն է, ով ի վիճակի է հավաքել անհրաժեշտ 1,237 պատվիրակների ձայները՝ նախագահի թեկնածուի հանրապետականների առաջատարի տեղը զբաղեցնելու համար:
Այս նյութը դիտել են - 1520 անգամ