«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող երկու գազալցակայանների գազահաշվիչներն անակնկալ տարել են ստուգաչափման: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վարդան Ղուկասյանի հետ, սակայն վերջինս լսելով հարցը՝ անմիջապես հակադարձեց. «Զարմանալի բաներ եք ասում: Զարմանում եմ, թե ինչ ես ասում, աղջիկ ջա՛ն: Շփոթվել ես»: Իսկ, ահա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրուցում հաստատեց վերը նշված տեղեկությունը` ասելով, որ Ղուկասյաններին պատկանող գազալցակայանների գազահաշվիչները հանվել եւ տարվել են ստուգաչափման: «Անակնկալ չեն տարվել: Ոչ միայն Ղուկասյաններինն է տարվել, այլեւ Մարտիրոսյաններինը եւս: Որտեղ անհրաժեշտություն է առաջացել ստուգաչափելու, բոլորի գազահաշվիչներն էլ հանվել են»,- հայտարարեց Ամիրբեկյանը: Նրա խոսքերով՝ գազալցակայաններում փոխարինող գազահաշվիչներ են տեղադրվել: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը մարտի 1-ին գրել էր, որ Գյումրիի մի շարք բնակարաններում գազը «լեւի» է»:
Այս նյութը դիտել են - 1386 անգամ